երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Թագուհի Թովմասյանը Բրյուսելում քննարկել է Արցախում տեղադրված անցակետին առնչվող կարևորագույն հարցեր

Թագուհի Թովմասյանը Բրյուսելում քննարկել է Արցախում տեղադրված անցակետին առնչվող կարևորագույն հարցեր

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 

«Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակազմով հանդիպում ունեցանք Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ: Քննարկեցինք Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներին, Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերներին, սահմանային լարվածությանը, Ադրբեջանի կողմից Արցախում ապօրինաբար տեղադրված անցակետին առնչվող կարևորագույն հարցեր:

Պարոն Կովաչևին ներկայացրի նաև «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում մարդու իրավունքների շարունակ ոտնահարումները, մասնավորապես՝ խտրական վերաբերմունքն ընդդիմադիր հայացքներ ունեցողների և իշխանության համախոհների կամ իշխանական թիմի ներկայացուցիչների միջև:

Նշեցի ԱԺ ՄԻՊՀՀ հանձնաժողովի խայտառակ նիստում տեղի ունեցած անօրինությունները, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սպառնաց կտրել ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածուի ականջներն ու լեզուն և մնաց անպատիժ: Խոսելով խոսքի ազատության ոտնահարումների մասին՝ ընդգծեցի, որ այս առումով ևս խտրական քաղաքականություն է իրականացվում:

Իշխանության համար «ոչ ցանկալի» անձինք, երբ բռնության կոչ են անում, պատժվում են, իսկ նույնաբովանդակ բռնության կոչեր և սպառնալիքներ հնչեցրած, պատգամավորին անհարիր վարքագիծ դրսևորած իշխանական պաշտոնյաները որևէ պատասխանատվության չեն ենթարկվում: Ներկայացրի, որ քաղաքական ակցիա իրականացնելիս՝ ինձ և իմ գործընկեր պատգամավորներին անվտանգության աշխատակիցները՝ ԱԺ նախագահի հրահանգով, բռնությամբ դուրս հանեցին Ազգային ժողովի դահլիճից ընդմիջման ժամանակ և թույլ չտվեցին այլևս մտնել ԱԺ դահլիճ:

Այս անօրինությունների համար ևս ոչ ոք պատասխանատվություն չի կրել: Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցողն արտահայտեց իր մտահոգությունը Հայաստանի և Արցախի անվտանգային իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական վիճակի շուրջ։ Երկուստեք հայտնեցինք մեր պատրասակամությունը շարունակել մշտական համագործակցությունը Հայաստանի և Արցախի համար կարևորագույն հարցերի շուրջ»:

  • Կիսվել: