կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Սյունիքի մարզում մեկնարկում է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը

Սյունիքի մարզում մեկնարկում է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը

Հունիսի 16-ին Անգեղակոթ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու տարածքում կնքվել է եռակողմ համագործակցության հուշագիր՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի միջև։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

 

Ըստ հուշագրի՝ կողմերը նախատեսում են Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս խոշորացված համայնքների 21 բնակավայրերի 10-12-րդ դասարանների աշակերտների համար ներդնել «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը:

 

Այս ծրագրով հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում է մասնագիտական կրթության նոր մոդել, որը հիմնված է յուրաքանչյուր աշակերտի անհատական կարողությունների ու մասնագիտական ձգտումների, ինչպես նաև համայնքային առանձնահատկությունների ու տնտեսական հնարավորությունների վրա:

Սյունիքի մարզում «Իմ քայլը» հիմնադրամի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նախաձեռնությամբ իրականացվելիք ծրագիրը կմեկնարկի այս տարվա սեպտեմբերին, իսկ մինչ այդ կկազմակերպվի ուսուցիչների վերապատրաստման գործընթացը:

  • Կիսվել: