հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Սյունիքի մարզում հղիների նախածննդյան հսկողության կազմակերպումը և բնական ուղիներով ծննդաբերությունների ցուցանիշները գոհացուցիչ են. Արմեն Գասպարյան

Սյունիքի մարզում հղիների նախածննդյան հսկողության կազմակերպումը և բնական ուղիներով ծննդաբերությունների ցուցանիշները գոհացուցիչ են. Արմեն Գասպարյան

 
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը հանդիպել է Սյունիքի և Վայոց ձորի մարզերի բժշկական կազմակերպությունների տնօրենների, նույն կազմակերպությունների մանկական և մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների պատասխանատուների հետ:
 
Հանդիպման ընթացքում ոլորտի պատասխանատուները ներկայացրել են մարզային կտրվածքով ծառայությունների, ներդրված սքրինինգային ծրագրերի ցուցանիշները, քնարկել աշխատանքի ընթացքում առաջացող խնդիրները:
 
Անդրադարձ է եղել հղիների նախածննդյան հսկողության ծրագրերի բարելավմանը, կեսարյան հատման ցուցանիշներին և դրանց նվազեցմանն ուղղված միջոցառումներին, ընդգծվել է, որ բնական ուղիներով ծննդաբերության ժամանակ, ըստ կնոջ ցանկության, պետության կողմից փոխհատուցվում է էպիդուրալ անզգայացման արժեքը, դրանով իսկ օգնելով կանանց հաղթահարել բնական ծննդաբերության հետ կապված վախերը և հոգեբանական խնդիրները:
 
Կարևորվել և ընդգծվել են նորածնային և մանկական ծառայությունների կազմակերպման առանձնահատկությունները, նորածնային սքրինինգային հետազոտությունների կատարողականի կարևորությունը:
 
 Ամփոփելով հանդիպումը` Արմեն Գասպարյանը նշել է, որ ընդհանուր առմամբ Սյունիքի մարզում հղիների նախածննդյան հսկողության կազմակերպումը և բնական ուղիներով ծննդաբերությունների ցուցանիշները գոհացուցիչ են:
Մարզային և երևանյան բժշկական կազմակերպությունների հետ հանդիպումները լինելու են շարունակական:

  • Կիսվել: