կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սյունիքի մարզպետ ն ու Գորիս համայնքի ղեկավարը քաղաքում ավարտված շինարարական ծրագրերով նորոգված մի շարք տարածքների բացում են կատարել

Սյունիքի մարզպետ ն ու Գորիս համայնքի ղեկավարը քաղաքում ավարտված շինարարական ծրագրերով նորոգված մի շարք տարածքների բացում են կատարել

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ քաղաքում ավարտված շինարարական ծրագրերով նորոգված մի շարք տարածքների բացում է կատարել։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանից:

Կառավարություն-համայնք համաներդրմամբ սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգում է իրականացվել Գորիսի Ավանգարդ 5-րդ (Ծտի բներ) թաղամասում։

Ծրագրի արժեքը 199 մլն դրամ է, որից 109 մլն դրամը (55%) ՀՀ կառավարության մասնաբաժինն է։ Այստեղ իրականացվել են 2.2 կմ ներթաղամասային ճանապարհի ասֆալտապատման, 700 գծմ հենապատի կառուցման աշխատանքներ, լուծվել է փողոցային լուսավորության հարցը։ Թաղամասում ՄԱԶԾ ծրագրի շրջանակում նաև նոր մարզահրապարակ է կառուցվել:

Գորիսի համայնքապետարանի և «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» համագործակցությամբ՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» շրջանակում վերակառուցվել են Գորիսի Գետափնյա թաղամասի, Վարարակն գետի հարակից մայթերը, փոխվել է արտաքին լուսավորության համակարգը, կառուցվել հեծանվային արահետ։

Նույն ծրագրով արդեն վերականգնվել է Գորիսի պատմական միջուկի արտաքին տեսքը: Ծրագիրն իրականացվում է 1.4 միլիարդ դրամի շրջանակում:

Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է Գորիս համայնքի թիվ 3 մանկապարտեզի շենքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 223 մլն դրամ է, որից 178 մլն դրամը (80%) ՀՀ կառավարության ներդրումն է։

ՆՈՒՀ-ը կառուցվել էր 1966 թվականին և գտնվում էր անմխիթար վիճակում: Այժմ 180 երեխայի համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ, և համայնքի ամենամեծ մանկապարտեզներից մեկը նոր ուսումնական տարին կդիմավորի համարավետ ու գեղեցիկ միջավայրում:

Մանկապարտեզի կահավորման աշխատանքներն իրականացվել է «Ֆոքըս օն չիլդրեն նաու» բարեգործական կազմակերպության միջոցով: Խոհանոցը կահավորել է «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի աջակցությամբ:

  • Կիսվել: