շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
System of a Down-ը՝ հանուն Արցախի. ակցիա Կալիֆոռնիայում

System of a Down-ը՝ հանուն Արցախի. ակցիա Կալիֆոռնիայում

Կալիֆոռնիայի հայ համայնքը շարունակում է զանգվածային միջոցառումներ կազմակերպել բոլոր հայաշատ քաղաքներում։ Դրանք բողոքի ակցիաներ են, իրազեկման արշավներ և դրամահավաք՝ Արցախին օգնելու նպատակով։

Հերթական միջոցառումը կազմակերպել էին System of a Down խմբի անդամները։ Նրանք Գլենդեյլի Սուրբ Լեոն տաճարում հանդիպել են երկրպագուների հետ։ Շավո Օդադջյանը և Ջոն Դոլմայանը ստորագրել են շապիկների վրա, որոնք տեղում վաճառվել են:

Հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Միջոցառմանը մասնակցել են հարյուրավոր ամերիկահայեր, որոնք երկար հերթ են կանգնել ռոքի հայ աստղերի ստորագրությունը ստանալու և բարեգործական ակցիային մասնակցելու համար։

Միջոցառանը մասնակցել են նաև բազմաթիվ ամերիկացիներ, որոնք նշել են, որ System of a Down-ի մեծ երկրպագու են, սակայն եկել են ոչ միայն նրանց տեսնելու, այլև Արցախի ժողովրդին օգնելու։

«Պատճառը, որ այսօր այստեղ ենք՝ Հայաստանում և Արցախում այս պահին տեղի ունեցող պատերազմի մասին իրազեկելու ցանկությունն է։ Եվ երկրորդ նպատակը՝ դրամ հավաքել, որի կարիքը խիստ կա ոչ միայն պատերազմի, այլև դրանից հետո Արցախի վերականգնման համար։ ՄՆ-ում շատերը չգտեն՝ ինչ է տեղի ունենում, որովհետև նրանք մտահոգված են կորոնավիրուսով, տնտեսությունը վերականգնելով և նախագահի ընտրություններով: Ամեն ինչ պետք է անենք՝ ուշադրություն գրավելու համար։ Իբրև հայեր՝ մենք պետք է միասնական ձայն բարձրացնենք, մեր ասելիքը տեղ հասցնենք՝ ի տարբերություն 1915 թվականի։ Այժմ 1915 թիվը չէ, մենք ունենք շատ ավելի զորություն ու ուժ և կարողություն՝ այդ հզորությունն ու ուժը զգալ տալու»,- նշեց System of a Down խմբի անդամ Ջոն Դոլմայանը։

Շավո Օդաջյանի խոսքով էլ՝ սա իրազեկման ակցիա է, որ մարդիկ իմանան, որ խնդիրը միայն հայկական կամ թուրքական խնդիր չէ, սա փաստացի մարդասիրական խնդիր է.

«Մենք ցանկանում ենք իրազեկել, քանի որ սա միայն հայկական կամ թուրքական խնդիր չէ, սա փաստացի մարդասիրական խնդիր է։ Աշխարհի բոլոր գերտերություններն այսօր թույլ են տալիս, որ ցեղասպանություն տեղի ունենա՝ անմեղ խաղաղ բնակիչների սպանություն՝ առանց պատճառի։ Նրանք թույլ են տալիս, որ դա տեղի ունենա, քանի որ նրանք կույր ու խուլ են ձևանում ու թեքում են հայացքը, ինչը խելագարություն է։ Դրա համար այստեղ ենք՝ իրազեկելու, դրամ հավաքելու և որևէ կերպ օգնելու»։

  • Կիսվել: