երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Սուրեն Պապիկյանը պատրաստ է իր նոր ձեռք բերած բնակարանը վաճառել 300 000 դոլարով

Սուրեն Պապիկյանը պատրաստ է իր նոր ձեռք բերած բնակարանը վաճառել 300 000 դոլարով

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցնում է` անպայման հայտարարագիր կներկայացնի, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե ինչպես է ձեռք բերել իր նոր բնակարանը։ Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այդ տարածքում իմ գնածից ավելի էժան  ևս 300 բնակարան է վաճառվել»,-ասաց Սուրեն Պապիկյանն անդրադառնալով 400. 000 դոլար արժողությամբ բնակարան ձեռք բերելու տեղեկություններին և Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը առ այն, որ «կպնդի, որ Պապիկյանը այդ բնակարանը 300.000 դոլարով վաճառի»:

Հարցին՝ պատրա՞ստ է բնակարանը վաճառել 300. 000 դոլարով, Սուրեն Պապիկյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ վարչապետի երեկվա հնչեցվածը ես պետք է հաստատեմ, հաստատում եմ, խնդիր չկա»,-ասաց նա։

«Ես հայտարարագրով կներկայացնեմ, թե որտեղից ինձ գումար, ումից եմ վերցրել, որ բանկից եմ վարկ վերցրել, որքան կանխավճար եմ վճարել, այդ կանխավճարն ինչի արդյունքում է գոյացել, ես այդքան աշխատավարձ ստանո՞ւմ  եմ, թե չէ: Ես ունեցել եմ հաշվիս վրա այդքան գումար, թե չեմ ունեցել, ամեն ինչը կհրապարակեմ։

Ներկայիս հայտարարագիրը 2021 թվականինն է, ես էլ 2022–ին, շուրջ 1 տարի, ապրել եմ, աշխատել եմ, գումար եմ վաստակել։ Այժմ էլ 2023 թվականն է»,– նշեց Պապիկյանը։

Հիշեցնենք՝ Փաշինյանը պատասխանել էր հարցին, թե ինչպե՞ս է, որ Պապիկյանը 412.000 դոլար արժողությամբ բնակարանը ձեռք բերել 168 000 դոլարով:

«Ես ձեզ առաջարկում եմ, եթե դուք ճիշտ եք, ես ձեզ խոստանում եմ, բանկի հետ բանակցեք, 300 000 դոլարով գնեք այդ տունը և 400 000 դոլարով վաճառեք, երբ վաճառեք, կիմանանք, որ դուք ճիշտ եք, համ էլ 100 000 մաքուր շահույթ կունենանք։ Ես առաջարկում եմ գնալ այս ճանապարհով, ես ներողություն եմ խնդրում Պապիկյանից՝ իր անձնական գործերին միջամտելու համար, բայց ես կպնդեմ, որ նա այդ տունը վաճառի ձեզ»,- ասել էր Փաշինյանը։

  • Կիսվել: