չորեքշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2022
Սուրեն Մանուկյանի նկատմամբ հետապնդումները սկիզբ են առել ամիսներ առաջ. ՀՅԴ

Սուրեն Մանուկյանի նկատմամբ հետապնդումները սկիզբ են առել ամիսներ առաջ. ՀՅԴ

ՀՅԴ լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է ՀՅԴ ԳՄ անդամ ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի ձերբակալությանը։ 

Հիշեցնենք, որ ոստիկանությունն այսօր տեղեկացրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու գործով ձերբակալվել է նաև Սուրեն Մանուկյանը։ ՀՅԴ լրատվական ծառայության հայտարարությունում ասվում է․

«Այսօր ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե, որպես տուժող քննչական գործողության մասնակցելու համար։

Ճանապարհին, այսօրվա իրավապահ մարմիններին բնորոշ բեմականացմամբ, բռնության գործադրմամբ Սուրեն Մանուկյանը ձերբակալվել է՝ անձի առևանգման կասկածանքով։

Սուրեն Մանուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները, ֆիզիկական խոշտանգումները, առանց հիմքի բնակարանի խուզարկումը, վարկաբեկման փորձերը սկիզբ են առել դեռևս ամիսներ առաջ։

Դատապարտելով անձի առևանգման ենթադրյալ հանցագործությունը, մերժելի ենք համարում անձի անմեղության կանխավարկածի ոտնահարումը։ Անընդունելի համարելով քաղաքական հետապնդման հերթական դրսևորումը, 90-ականների գործելակերպը կրկնող՝ ընդդիմության վարկաբեկման ու դաշնակցականների նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցելու վարչախմբի հանցավոր գործելակերպը, վստահ ենք, որ դրանք դատապարտված են ձախողման»։

  • Կիսվել: