երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Սուրբ Սարգսի տոնի առթիվ իրականացվեց ՀՀ ԶՈՒ զինծառայողների և հոգևոր առաջնորդության գնդերեցների օրհնության կարգ

Սուրբ Սարգսի տոնի առթիվ իրականացվեց ՀՀ ԶՈՒ զինծառայողների և հոգևոր առաջնորդության գնդերեցների օրհնության կարգ

Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը, որն այս տարի նշվում է հունվարի 27-ին, մեծ ժողովրդականություն է վայելում Հայաստանում: Տոնի կապակցությամբ  Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում իրականացվեց  ՀՀ ԶՈՒ զինծառայողների և հոգևոր առաջնորդության գնդերեցների օրհնության կարգ։

Սուրբ պատարագից և հաղորդություն ստանալուց հետո Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գնդերեցների  պարգևատրման արարողությունը:

Այս տարի արդեն 9-րդ անգամ՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ՝  ՀՀ Զինված ուժերի տարբեր զորամասերում իրենց հոգևոր ծառայությունը մատուցած 20 գնդերեց պարգևատրվեց Արարատյան Հայրապետական թեմի հատուկ պարգևներով և խորհրդանշական նվերներով:

Պարգևները հանձնեց Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Նա  շնորհավորեց բոլորին և ընդգծեց, որ այսօր բոլորի  համար սիրելի դարձած արագահաս Սուրբ Սարգիս Զորավարի տոնն է, ով  իր վարքով և նահատակությամբ դարձել է քրիստոնեության անմար ջահն ու անկոտրում հավատքի քարոզիչը: Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ այս օրը  հռչակված  է երիտասարդների օրհնության օր:

«Սիրելի՛ գնդերեցներ, հոգևո՛ր սպասավորներ Հայոց բանակի, եկեղեցականների ծառայական կյանքը զինվորություն է՝ Աստծո սպառազինությամբ, հավատի վահանով, փրկության սաղավարտով ու հոգու սուսերով, որն Աստծո Խոսքն է:Մեր երախտիքն ենք բերում ձեզ՝ ձեր ամենօրյա նվիրական և արգասաբեր ծառայությամբ հայոց բանակի անդաստաններում քրիստոնեական հավատքը, հայրենապաշտության զգացումը և աննկուն պայքարի ոգին  մշտանորոգ պահելու համար: Այս ենք պատգամում ձեզ, որդյակնե՛ր՝  սիրեցե՛ք Աստծուն, հայրենին և մերձավորին,  քանզի «Սիրո՛ ուժն է անհաղթ»:  

Մեր և ձեր աղոթքներով  թող Բարեգութ  և Ողորմած Աստված հանապազ զորակից և մարտակից լինի Հայոց բանակին: Թող Աստծո սպառազինությամբ և Սուրբ Զորավարի բարեխոսությամբ կարող դառնաք  առատ հունձքով արդյունավորել ձեր նվիրական առաքելությունը՝  ի զորացումն Հայոց առաքելահաստատ Սուրբ Եկեղեցու և ի միաբանություն հայ ազգի»,- ասաց Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Տեր Շահե քահանա Հայրապետյանը խոսելով օրվա խորհրդի մասին՝ նշեց, որ ցանկացած մարդ, ով նահատակվում է հանուն Քրիստոսի ու հետագայում հռչակվում է սուրբ, շատ կարևոր է եկեղեցու համար:

«Եվ այսօր մենք  Սուրբ Սարգսի բարեխոսությունն ենք հայցում մեր հայ ժողովրդի խաղաղության, Հայոց բանակի զորացման և, իհարկե, մեր երջանիկ կյանքի հարատևման համար. ահա այն կոչումը, որ ունի Սուրբ Սարգիսը»,- ասաց նա:

Տեր Շահեն նաև ընդգծեց, որ այսօրվա պատարագին ժողովրդի բազմահոծ ներկայությունը վկայում է եկեղեցու և սրբի բարեխոսության հանդեպ իրենց սիրո և կապվածության մասին: 

  • Կիսվել: