երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում բացվեց սպորտային բժշկության ծառայությունների բաժանմունք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում բացվեց սպորտային բժշկության ծառայությունների բաժանմունք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում բացվեց սպորտային բժշկության ծառայությունների բաժանմունք: Բացման պաշտոնական արարողությանը մասնակցեցին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:

Ժապավենը կտրելու հանձնառությունն ընձեռված էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պոլիկլինիկայի վարիչ Արտակ Ջումայանին և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը ներկայացրեց սպորտային բժշկական ծառայության համար նախատեսված բաժանմունքի ֆուկնցիոնալ նշանակությունը: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը կարևորեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանի և ողջ աշխատակազմի անձնվեր աշխատանքը՝ շեշտելով վերջին 1,5 տարվա ընթացքում բուժաշխատակազմի պայքարը համավարակի դեմ:

«Այն, ինչ տեսնում ենք այստեղ, պետության վերաբերմունքն է սպորտի զարգացման գործին: Ամեն ինչ պետք է անենք, որ առողջ ապրելակերպի քարոզը, մշակույթը մեր հասարակության մեջ ավելի մեծ տեղ ունենա»,-ասաց Ավանեսյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի պնդմամբ մարզիկներն այժմ էլ ավելի ոգևորված կլինեն: Նա նշեց, որ կենտրոնի բացումից հետո ակնկալում են նորանոր հաղթանակներ սպորտի բնագավառում: Ամբողջովին վերանորոգված և կահավորված բաժանմունքում սպորտային բժշկության ծառայություններ են մատուցվելու Երևանի և մոտակա մարզերի մարզադպրոցների, ֆեդերացիաների, մարզական ակումբների, ՀՀ հավաքական թիմերի և այլ մարզիկների:

Նորաբաց ծառայությունը ներառում է ֆիզիկական վիճակի գնահատում` հիվանդությունների և վնասվածքների ախտորոշում, ինչպես նաև` շարունակական հսկողության ապահովում` նեղ մասնագիտական խորհրդատվությամբ և լաբորատոր գործիքային հետազոտությունների իրականացմամբ: Բժշկական ծառայության բաժանմունքի բացման օրակարգում էր նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը: Հուշագրով նախատեսվում է ուսանողների պրակտիկաների կազմակերպման միջոցով երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուսումնակրթական (վերականգնողական, առողջարանական և այլն) բնույթի ծրագրերի, այդ թվում՝ համապատասխան ոլորտներում համատեղ հետազոտությունների իրականացում: Սպորտային բժշկության ծառայությունների բաժանմունքում պետպատվերի շրջանակներում բուժման հնարավորություն կունենան պատանեկան, երիտասարդական և հավաքական թիմերի մարզիկները:

  • Կիսվել: