երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սուրբ Աթոռի պետքարտուղարը շիրակցի գերեվարված զինվորների հարազատներին խոստացել է իրենց խնդրանքը փոխանցել Հռոմի պապին

Սուրբ Աթոռի պետքարտուղարը շիրակցի գերեվարված զինվորների հարազատներին խոստացել է իրենց խնդրանքը փոխանցել Հռոմի պապին

Գյումրու Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե աթոռանիստ եկեղեցում հուլիսի 13-ին  Հայ Կաթողիկէ Առաջնորդության Առաքելական Կառավարիչ՝ Գերպ. Հայր Միքայէլ Վրդ. Բասսալէի ձեռամբ և  Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիի ներկայությամբ տեղի ունեցավ Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագին ներկա էին Հայաստանում Վատիկանի Առաքելական նվիրակը, ԱՄՆ և Կանադայի հայ կաթողիկե առաջնորդը, կաթողիկե քահանայաց դասը, հավատացյալներ։

 

361081655_3466590820336000_7583873000672793234_n.jpg (347 KB)

Պատարագի ընթացքում կարդինալ Պարոլինին փոխանցեց  Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղերձը՝ նշելով, որ Հայաստան է եկել որպես խաղաղության բանագնաց՝ հույսով ու զորակցութամբ։ «Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն իր առաքելական օրհնությամբ կամենում է ամրապնդել ձեզ հավատքի, սիրո ու միության մեջ, որպեսզի դուք զգաք ձեզ Աստծո կողմից սիրված։ Սիրով ողջունում եմ այստեղ ներկա բոլորիդ, իմ սիրալիր ողջույնը փոխանցում եմ Հայ Առաքելական եկեղեցու և ուրիշ դավանանքների բոլոր եղբայրներին։ Յոթ տարի առաջ՝ 2016 թվականին, Ֆրանցիսկոս Պապն իր եռօրյա առաքելական ճամփորդությունը կատարեց Հայաստան՝ հանուն  Կովկասի  խաղաղության և միջեկեղեցական երկխոսության։ Նորին Սրբություն Գարեգին Բ հետ աղոթեց քրիստոնյաների միջև միության համար,  Ծիծեռնակաբերդում էլ աղոթեց Մեծ Եղեռնի՝ հայերի դեմ գործած մեծ ցեղասպանության զոհերի համար, աղոթք հնչեցրեց հայ և թուրք  ժողովուրդներ հաշտության ու Լեռնային Ղարաբաղում խաղաղության համար։ Մեր այս աշխարհը հույսի, եղբայրության կարիք ունի։ Քրիստոնյան՝ մեզանից յուրաքանչյուրը, Աստծո կողմից կանչված է Աշխարհի համար լույսի նշան լինելու»,-իր խոսքում նշեց կարդինալ Պարոլինին։

360004634_6711850112179670_7384163928956892427_n.jpg (360 KB)

 

Պատարագի ավարտին Սուրբ Աթոռի պետքարտուղարը լսեց 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներին և շիրակցի գերեվարված զինվորների հարազատներին՝ խոստանալով իրենց որդիների վերադարձի խնդրանքը փոխանցել սրբազան քահանայապետին։        

 

  • Կիսվել: