երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ստեղծվել է սիրտ-անոթային հիվանդությունների կառավարման խորհուրդ համապատասխան ծառայությունների բարելավման նպատակով

Ստեղծվել է սիրտ-անոթային հիվանդությունների կառավարման խորհուրդ համապատասխան ծառայությունների բարելավման նպատակով

Առողջապահության նախարարի հրամանով 2022 թվականին  ստեղծվել է սիրտ-անոթային հիվանդությունների կառավարման խորհուրդ: Այն  պետք է մոտակա տարիների համար պատրաստի նոր պետական ծրագրերի առաջարկներ, առկա ծրագրերի մեջ իրականացնի բարեփոխումներ և մշակի նոր ծրագրեր՝ սիրտ-անոթային հիվանդությունների մարզային ծառայությունների բարելավման նպատակով:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  սրտաբանության գծով ԱՆ խորհրդատու Համլետ Հայրապետյանը:

Սրտաբանը նշեց, որ գարնանը բոլոր քրոնիկ հիվանդությունները սեզոնային սրացում են ապրում: «Բնականաբար, այն կապված է ինչպես  բնության, այնպես էլ  մարդու օրգանիզմում տարբեր ֆիզիոլոգիական պրոցեսների հետ, որն էլ բերում է խրոնիկ հիվանդությունների սրացման: Սրտանոթային հիվանդությունների պարագայում դա առաջին հերթին վերաբերվում է զարկերակային հիպերտենզիային, սրտի իշեմիկ հիվանդությանը, սրտի տարբեր առիթմիաներով տառապող հիվանդներին: Սեզոնային աճը մենք  տեսնում ենք մեր պրակտիկայում, երբ ունենում ենք հիվանդների մեծ հոսքի ավելացում: Այս պահին  հիվանդանոցներում նույնիսկ մահճակալների խնդիր է առաջանում»,-ասաց նա :

Հայրապետյանը շեշտեց, որ շատ կարևոր  է առաջին հերթին  ճիշտ կազմակերպել  սրտանոթային խրոնիկ հիվանդություններով տառապողների բուժման գործընթացը: Պետք է հսկողության տակ պահել այս հիվանդների զարկերակային ճնշումը, սիրտ-անոթային տարբեր պարամետրեր և անհրաժեշտության դեպքում կատարել կորեկցիաներ նրանց բուժման մեջ:

«Ինչ վերաբերվում է տարիքային առանձնահատկություններին, մասնավորապես՝ սրտանոթային հիվանդությունների երիտասարդացմանը, ասեմ, որ այն   դա  համընդհանուր համաշխարհային միտում է: Բայց, ես  կարծում եմ՝ այժմ  բարելավվել է  ախտորոշման գործընթացը:  Մասնավորապես, մեր երկրում տարբեր ախտորոշիչ նորագույն մեթոդների, տարբեր առողջապահական  ծրագրերի ներդրման շնորհիվ բարելավվել է տարբեր հիվանդությունների՝ մասնավորապես սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշումը և վաղ հայտնաբերումը»,-ասաց սրտաբանը:

Նրա խոսքով՝  այս հիմնախնդիրը կապված է տարբեր  սոցիալական  խնդիրների՝ կենցաղի, ապրելակերպի հետ և ուրախությամբ նշեց, որ վերջին տարիներին առողջապահության  նախարարությունը նախաձեռնել է և իրականացնում է մի շարք ծրագրեր՝ տարբեր  սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոնների չեզոքացման  նպատակով,  մասնավորապես՝ հանրային վայրերում ծխելու արգելքը և այլ ծրագրեր:

  • Կիսվել: