երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար պետք է հրաժարվենք երկիր ու ազգ քայքայող բոլոր խոտելի երևույթներից.  Տեր Վաչագան քահանա Գյուրջյան

Ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար պետք է հրաժարվենք երկիր ու ազգ քայքայող բոլոր խոտելի երևույթներից. Տեր Վաչագան քահանա Գյուրջյան

Արցախի թեմի գործունեության գլխավոր նպատակներից է եկեղեցու հովանու ներքո արցախահայությանը համախմբելն է՝  և  խաղաղ պայմաններում, և  փորձությունների պահերին: 

Այս  մասին «Արցապրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի  Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը:

«Արցախյան գոյապայքարի ամբողջ ընթացքում Եկեղեցին եղել է այդ պայքարի առաջամարտիկը, ոգի և օրհնություն տվողը: Բնականաբար այսօր էլ, երբ Արցախը գտնվում է  շրջափակման մեջ և կրում է բազում զրկանքներ, Արցախի թեմը ուղղակի չի կարող անմասն մնալ իր զավակների նեղություններից: Մեծածավալ աշխատանքներ են կատարվում, այդ թվում՝  ժողովրդի հոգևոր-հոգեբանական կայունությունը պահպանելու ուղղությամբ»,- ասում է հոգևորականը:

Նրա խոսքով՝ չնայած բազում դժվարություններին՝ թեմը կազմակերպում է հոգևոր մշակութային միջոցառումներ, ուխտագնացություններ, որոնք նպատակ ունեն այս դժվարին օրերին միավորելու և հոգեպես զորացնելու  ժողովրդին: 

« Ի ուրախություն մեզ, կարող ենք վկայել, որ անհամեմատ մեծացել  է եկեղեցի հաճախողների ու պատարագներին մասնակցողների թիվը: Դժվարություններն ու նեղությունները ստիպում են մարդուն նայել իր ներսը, վերև նայել, փնտրել Աստծուն, և այդ փնտրտուքի ճանապարհը նրան բերում է դեպի Եկեղեցի»,-ընդգծում է հոգևոր հայրը:

Նրա դիտարկմամբ՝  օրհասական պահին  ակտիվացել են  օտարամուտ և մոլորեցնող հավատքի հետևորդները՝ աղանդավորները:

 «Նրանք փորձում են համոզել, որ իբր փրկությունը միայն իրենց այս կամ այն խմբակին անդամակցելն է: Սրանք լուրջ վտանգ են ներկայացնում մեր վիրավոր երկրի համար՝ թե՛ ազգային անվտանգության առումով և թե՛ ժողովրդի հոգևոր միասնության: Եկեղեցին փորձում է հաղթահարել նաև այս պառակտիչ մարտահրավերները»,-նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակը հաղթահարելու  համար պետք է ունենալ ամուր կամք, հզոր հավատք և մերժել  անձնական շահը:

 «Մենք պետք է հրաժարվենք այն բոլոր խոտելի երևույթներից, որոնք քայքայում են ցանկացած երկիր ու ազգ՝ եսասիրություն, փառամոլություն, փողասիրություն և այսպես շարունակ: Երբ Արցախում և Մայր Հայրենիքում սիրո իշխանությունը կհաղթի իշխանության հանդեպ սիրուն, այն ժամանակ խաղաղությունը կգա և կբնակվի մեզ մոտ»,- համոզված է Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը:

Որպես Քրիստոսի Սուրբ Խորանի համեստ սպասավոր, նա իր խնդրանքն ու հորդորն ունի քրիստոնեական բոլոր եկեղեցիներին. «Իրենց հայացքն ուղղեն քրիստոնեության հնագույն օրրան հանդիսացող Արցախ աշխարհի վրա, հասկանան, որ այս երկրի սրբությունները համամարդկային են և, երբ այն մատնվում է այլադավանների ձեռքն ու պղծվում, ապա Աստծո առաջ պատասխան պիտի տան բոլորը, որովհետև իրենց եղբայրները նեղության մեջ էին, հիվանդ էին, բանտում էին և նրանք այցի չեկան(Հմմտ. Մատթ. 25:31-46 )»։

  • Կիսվել: