ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սփյուռքից 13 շահառու ՀՀ-ում պետական բարձր պաշտոններ են ստացել․ Զարեհ Սինանյան

Սփյուռքից 13 շահառու ՀՀ-ում պետական բարձր պաշտոններ են ստացել․ Զարեհ Սինանյան

 Հայաստանում «իԳործ» ծրագրի 13 շահառու մշտական աշխատանքի է անցել պետական կառույցում և բարձր պաշտոններ զբաղեցրել կառավարության աշխատակազմում: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
 
Կառավարության կառուցվածքում աշխատանք ստացած ծրագրի շահառուների թվում են զբոսաշրջության կոմիտեի ղեկավարը, փոխնախարարը, նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրենը: Որոշ շահառուներ աշխատանքի են անցել առողջապահության և էկոնոմիկայի նախարարությունում։
 
«Ընդհանուր առմամբ ծրագրի շահառու են դարձել սփյուռքի շուրջ 150 ներկայացուցիչ (ստացված 300 հայտերից), ևս 50-ը կընտրվեն հաջորդ տարվա նոր հոսքի համար», - ասաց Սինանյանը:
Հայտերն ընդունվում են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: Հայտերի ուսումնասիրությունից և հարցազրույցից հետո սփյուռքահայ մասնագետները համապատասխան գերատեսչություններում աշխատանքի կանցնեն ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից՝ մեկ տարի ժամկետով:
 
Սինանյանը սա եզակի հնարավորություն է համարում սփյուռքի ներկայացուցիչների համար՝ իրենց ներդրումն ունենալու Հայաստանի պետականաշինության գործում, եզակի հնարավորություն՝ իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնելու պետական կառավարման գործին:
Հայտեր են ներկայացնում հիմնականում հայեր Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Արգենտինայից, Բելգիայից, Եգիպտոսից, Ֆրանսիայից, Կանադայից, Բելառուսից և Ուկրաինայից:
 
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մեկնարկել է «իԳործ» ծրագիրը:

  • Կիսվել: