կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սպիտակի Լեռնավան և Շենավան բնակավայրերում 2 ջրամբար է բացվել

Սպիտակի Լեռնավան և Շենավան բնակավայրերում 2 ջրամբար է բացվել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր մասնակցել է Սպիտակ խոշորացված համայնքի Լեռնավան և Շենավան բնակավայրերում բնական ռեսուրսների խելացի կառավարմանն ուղղված ծրագրի շրջանակներում երկու 2 ջրամբարի, ինչպես նաև ոռոգման ջրագծերի բացման միջոցառմանը։

Լեռնավան բնակավայրում կառուցվել է ջրամեկուսիչ թաղանթով պատված 10,000 մ3 ծավալով ջրամբար։ Նույն սկզբունքով ջրամեկուսիչ թաղանթով պատված 4,000 մ3 ծավալով ջրամբար է կառուցվել նաև Շենավան բնակավայրում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցութայամբ։

Ծրագրի նպատակն է Լեռնավան և Շենավան համայնքներում ներդնել բնական ռեսուրսների խելացի կառավարում` հողերի դեգրադացիան մեղմելու, գյուղատնտեսության արտադրողականությունն ու արդյունավետությունը բարելավելու և գյուղացիական տնտեսությունների ճկունությունը բարձրացնելու նպատակով: Արդյունքում կներդրվի հողի և ջրի կառավարման կայուն համակարգ՝ բարձրարժեք մշակաբույսերի մշակման տեխնոլոգիաների ներդրման, ինքնահոս ոռոգման նորարարական համակարգի կառուցման և համայնքային հողերի և արդյունաբերական լանդշաֆտների վերականգնման միջոցով։

Ծրագիրն ուղղակիորեն կնպաստի Լեռնավան և Շենավան բնակավայրերի 250 տնային տնտեսությունների ապրելակերպի բարելավմանը, որոնք կսկսեն ավելի արդյունավետ մշակել հողատարածքները: Ծրագրի շահառու են հանդիսանում երկու բնակավայրերի բոլոր բնակիչները՝ 1220 մարդ Լոռնավանում և 382 մարդ՝ Շենավանում։

Շենավան բնակավայրում, ոռոգման ցանցի համար անհրաժեշտ համայնքային ներդրումը ապահովոլ է համայնքը։ Լեռնավան բնակավայրի մնացած բոլոր միջոցառումների համար անհրաժեշտ ներդրումների համայնքային մասը ապահովել են ՓԴԾ, ՇԵՆ և համայնքային միջոցներով։ Ծրագրի մնացած հատվածը ֆինանսավորվել է ՀՀ կառավարության կողմից՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։

  • Կիսվել: