Սպայական կազմի և նրանց ընտանիքի անդամների բուժսպասարկումը գրեթե 100 տոկոսով կփոխհատուցվի
Կառավարությունն ավելացնում է պետպատվերի շրջանակներում զինծառայողներին, նրանց ընտանիքի անդամներին մատուցվող բժշկական օգնության ծավալը։
Ինչպես գործադիրի այսօրվա նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, վերջին 2 տարիների բարեփոխումների արդյունքում ստացել էր այնպես, որ ժամկետային զինծառայողների ծնողները իրենց բարդ ու թանկարժեք վիրահատությունների համար պետությունից ստանում էին 100 տոկոս փոխհատուցում, իսկ պայմանագրային զինծառայողները և սպայական անձնակազմը օգտվում էր միայն համավճարային փոխհատուցումից:
«Դրանք սրտի, գլխուղեղի և թվով 16 այլ վիրահատություններեն են: Ստացվել էր անհավասար իրավիճակ, որը փորձում ենք այս որոշումով շտկել: Նրանք մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներն են, ոստիկաններ, ԱԱԾ աշխատակիցներ, ԱԻՆ աշխատակցներ և նրանց բոլոր ծնողները»,- հայտարարեց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ սրանով սպայական կազմին և զինծառայողներին ներառում են այն փաթեթի մեջ, որը ստեղծել էին ժամկետային զինծառայողների ծնողների համար:
Վարչապետի հարցին՝ արդյոք սրա մեջ ներառվում են բոլոր տեսակի բժշկական ծառայությունները, թե կան բացառություններ, նախարարը պատասխանեց. «Գրեթե բոլոր: Օրինակ, եթե կոնքազդրային հոդի պրոթեզավորում է կատարվելու, պրոթեզի գումարը հատկացնում է հիվանդը, նաև ատամնաբուժական ծառայությունների մասով չի փոխհատուցվում»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ փաստորեն աջակցության շրջանակն անսահմանափակ չէ։
«Առողջապահության ոլորտը բազմաշերտ է։ Երբ ասում ենք պետպատվերի շրջանակն ընդլայնում ենք, դա չի նշանակում, որ ամեն ինչ դառնում է անվճար: Դա նշանակում է, որ կա ծառայությունների մի շրջանակ, որն իրականացվում է պետության հաշվին։ Այդ շրջանակն անսահմանափակ չէ, դրանից դուրս կան ծառայություններ, որոնք չեն վճարվում պետության կողմից»,- ասաց վարչապետը։
Նա միաժամանակ նշեց, որ մյուս կողմից հարց է ծագում՝ նման որոշումներով մարդկանց կյանքում ի՞նչ է փոխվում.
«Մարդիկ ուզում են, որ ամեն ինչ լինի պետպատվեր, եթե այդպես չէ, ընկալում կա, որ պետպատվեր չկա: Նկատի ունեմ, որ տեղեկատվությունը փոխանցելու խնդիր ունենք: 18 տարեկանների որոշումը կայացնելուց հետո, տասնյակ ահազանգեր եմ ստացել, որ իրականում այդպես չէ»:



