երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Սողանքավտանգ հատվածում չի կարելի տալ շինթույլտվություն, ինչպե՞ս է դա արվել. ավագանու անդամը՝ Ծիծեռնակաբերդի խճուղում տիրող իրավիճակի մասին

Սողանքավտանգ հատվածում չի կարելի տալ շինթույլտվություն, ինչպե՞ս է դա արվել. ավագանու անդամը՝ Ծիծեռնակաբերդի խճուղում տիրող իրավիճակի մասին

Ծիծեռնակաբերդի խճուղու փակ լինելու հետևանքով Երևանում առաջացել է տրանսպորտային կոլապս։ Այսօր Երևանի ավագանու հերթական նիստում այս խնդրին անդադարաձավ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովը: Նա ընթերցեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ 56 րոպե առաջ կատարած ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նշված է. «Ծիծեռնակաբերդի խճուղում մեկնարկել են փլուզված հատվածի վերակառուցման աշխատանքները: Փլվածքի ողջ երկայնքով ճանապարհը կվերակառուցվի, կիրականացվեն ամրացման աշխատանքներ:Ծրագրի շրջանակում կվերակառուցվեն նաև գործող բոլոր ստորգետնյա հաղորդուղիներն ու հեղեղատար համակարգը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները կազմակերպել եռահերթ՝ նաև գիշերային ժամերին, որպեսզի կարճ ժամանակահատվածում գործընթացն ավարտվի և ճանապարհի երկկողմանի երթևեկությունը բացվի»:
 

Ավանեսովի խոսքով սա իսկապես հրատապ խնդիր է. «Ես կուզեի որպես ավագանու անդամներ այս հարցին անդրադառնայինք նաև մենք և խոսեինք պատճառների մասին: Շինհրապարակներում անվտանգության կանոնների պահպանման հարցերն ո՞ւմ վրա է, ո՞վ է սողանքավտանգ հատվածում շինթույլտվություն տվել: Այսինքն գաղտնի՞ք է, որ սողանքավտանգ հատվածում չի կարելի տալ շինթույլտվություն, ինչպե՞ս է դա արվել: Այսինքն մենք չանդրադառնանք խնդիրներին, միանգամից ասենք վերացման աշխատանքների մասին և ժամկետներ էլ չնշենք: Ինչով ենք ապահովագրված, որ այսօր կամ վաղն այդ շինհրապարակների անարդյունավետ աշխատանքի արդյունքում նման դեպքեր նորից չեն գրանցվի»:

Ըստ ավագանու անդամի՝ այս հարցին վաղուց պետք էր անդրադառնալ, քանի որ մարդիկ ասում էին այդ մասին. «Շատերդ տեսանյութում տեսել եք, որ հավաքարարը հարցազրույց է տալիս և ասում է, որ փլուզվելուց մի քանի րոպե առաջ սրբել և անցել է այդ հատվածով, բա որ այդ մարդը մահանար այդտեղ, ինչ պետք է անեինք, փաստորեն մենք մարդու կյանքի հետ ենք խաղում, պատճառների մեջ չենք խորանում և փորձում ենք ինչ-որ խնդիրների հեռահար ձևով և երկար ժամանակ անց անդրադարձ կատարել»:

ԱԻՆ-ը հայտարարում է, որ երկու ամիս առաջ նախապես տեղեկացրել է այս խնդրի մասին, անզեն աչքով էլ երևում էր, որ ճաք կար այդ ճանապարհին: Խնդիրը գցենք ինչ-որ շինկազմակերպության վրա ու անցնենք առաջ, դա նորմա՞լ է: Տպավորություն է, որ եթե քաղաքացիների կյանքը պղտորելու մրցույթ լինի, քաղաքապետարանը լինելու է այդ մրցույթի հաղթողներից մեկը, որը շատ վատ է»:

Ավանեսովը նշում է, որ քաղաքի նկատմամբ պատասխանավությունն առաջին հերթին պետք է ունենա քաղաքապետը, տեղակալները և ընդհանրապես քաղաքապետարանը՝ համապատասխան վարչություններով:

  • Կիսվել: