երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սոցիալական մանկավարժություն կրթական ծրագիրը դպրոցների համար պատրաստում է սոցիալական մանկավարժներ (տեսանյութ)

Սոցիալական մանկավարժություն կրթական ծրագիրը դպրոցների համար պատրաստում է սոցիալական մանկավարժներ (տեսանյութ)

Երևանի պետական համալսարանի Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի բակալավրիատի Սոցիալական մանկավարժություն կրթական ծրագիրը հանրակրթական դպրոցների համար պատրաստում է սոցիալական մանկավարժներ, որոնք իրենց գիտելիքներով, մասնագիտական հմտություններով օգնում են սահմանափակ կարողություններ, հաղորդակցական, վարքագծային, հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաներին սոցիալականացվել և ներգրավվել հանրային կյանքին։ 

Կրթական ծրագրի շրջանակում ուսանողներին ներկայացվում են Սոցիալական մանկավարժության ուսումնասիրության հիմնախնդիրները, մեկնաբանվում սոցիալական միջավայրի դաստիարակչական մեծ ներգործությունը տարբեր տարիքային, ինչպես նաև սոցիալական տարատեսակ խնդիրներ ունեցող մարդկանց զարգացմանը։

Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, Մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանն ասում է՝ սոցիալական մանկավարժի մասնագիտությունը ներառված է աշխարհում ամենապահանջված մասնագիտությունների ցանկում, ինչպես նաև համարվում է ամենահումանիստական մասնագիտություններից մեկը։

Դպրոցի շրջանավարտը (դիմորդը) տարին երկու անգամ՝ դեկտեմբերին և ապրիլի կեսից մինչև մայիսի կեսը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ՝ ունենալով ԳԹԿ անձնական համար։ Մանրամասներն՝ այստեղ։

Հիշեցնենք՝ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը (ՄԿԶԿ) հիմնադրվել է 2017 թ.-ին՝ որպես համալսարանի գիտակրթական ինքնուրույն միավոր՝ ֆակուլտետի ստատուսով, մանկավարժության ամբիոնի հարուստ ավանդույթներով։ Կենտրոնում աշխատում են որակյալ, բարձր կոմպետենցիաներով դասախոսներ:

ԵՊՀ մանկավարժության ամբիոնը համալսարանի հնագույն ամբիոններից է, այն ստեղծվել է համալսարանի հիմնադրումից անմիջապես հետո՝ 1921 թվականին։

Հարցերի դեպքում Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն կարելի է զանգահարել 060 71 06 16, +374 98 33 00 31 հեռախոսահամարներով։

  • Կիսվել: