ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սլովակիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Սլովակիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Միրոսլավ Հացեկին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Նախարարի տեղակալը շնորհավորել է Միրոսլավ Հացեկին` որպես Հայաստանում Սլովակիայի առաջին ռեզիդենտ դեսպան՝ նրան մաղթելով բեղմնավոր աշխատանք իր առաքելության ընթացքում։ Նա նաև համոզմունք է հայտել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Սլովակիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը։

Հանդիպման շրջանակներում զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ համագործակցությունը ԵՄ շրջանակներում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը երկկողմ համագործակցության առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ: Քննարկվել է քաղաքական խորհրդակցությունների անցկացման հնարավորությունը։

Պարույր Հովհաննիսյանը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիան՝ կարևորելով միջազգային հանրության հասցեական արձագանքը՝ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունների դատապարտման ուղղությամբ:

  • Կիսվել: