ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Սկանդալ Բուլղարիայի օդանավակայանում․ հայկական պատվիրակությանը մի քանի ժամ հարցաքննել են, ստիպել են մերկանալ

Սկանդալ Բուլղարիայի օդանավակայանում․ հայկական պատվիրակությանը մի քանի ժամ հարցաքննել են, ստիպել են մերկանալ

Սոֆիայի «Վասիլ Լևսկի» օդանավակայանում տեղի է ունեցել աղմկահարույց դիվանագիտական սկանդալ, հաղորդում է բուլղարական Blitz-ը։

Հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝ Անի քաղաքի քաղաքապետ Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, ենթարկվել է նվաստացուցիչ զննության։ Ըստ հաղորդումների, նրանց ստիպել են ամբողջությամբ մերկանալ, հարցաքննել են և մի քանի ժամ պահել ծառայողական տարածքներում։

Պատվիրակությունը Բուլղարիա էր ժամանել Նովի Պազար քաղաքի քաղաքապետ Գեորգի Գեորգիևի հրավերով։ Նրա վկայությամբ, բոլոր պաշտոնյաներն ու ուղեկցողները ունեցել են անհրաժեշտ փաստաթղթեր և Շենգենյան վիզաներ, որոնք տրամադրվել էին Բուլղարիայի դեսպանատան կողմից Երևանում։ Այնուամենայնիվ, ժամանումից հետո՝ գիշերը ժամը 02:20-ին, նրանց կանգնեցրել է սահմանային ոստիկանությունը։

«Մեր հյուրերին տարել են առանձին սենյակ, ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության։ Բացվել են անձնական իրերը, նույնիսկ վնասվել է նվեր բերած նկարի շրջանակը։ Ամեն ինչ ուղեկցվել է վիրավորական հարցերով՝ ովքեր են, ինչու են եկել և ինչու հենց հիմա», — պատմել է Գեորգիևը։

Ըստ նրա, ոստիկանները հայտարարել են, թե կասկածում են պատվիրակությանը՝ սահմանը ապօրինի հատելու և Ավստրիա մեկնելու մտադրության մեջ։ Զրույցը տեղի է ունեցել միայն բուլղարերեն և անգլերեն, իսկ ռուսերենով բացատրվելու փորձերը անտեսվել են։

Պատվիրակությունը ազատ է արձակվել միայն երկուսուկես ժամ անց, սակայն նրանց հրահանգվել է վերադառնալ օդանավակայան հոկտեմբերի 4-ին և լքել Բուլղարիան, հակառակ դեպքում նրանց սպառնացել է մուտքի արգելք։

Հայաստանի դեսպանը Սոֆիայում՝ Ծովինար Համբարձումյանը, պաշտոնական բողոքի նոտա է հղել Բուլղարիայի արտաքին գործերի նախարարին՝ դատապարտելով «բարեկամ երկրի պաշտոնական պատվիրակության հանդեպ անընդունելի և նվաստացուցիչ վերաբերմունքը»։

Չնայած միջադեպին, հայկական պատվիրակությունը կարողացել է մասնակցել Նովի Պազարում կազմակերպված տոնական միջոցառումներին:

Ըստ news.am-ի:

  • Կիսվել: