ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ՇՄ նախարարը Իտալիայի իր գործընկերոջ հետ քննարկել է շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությունը

ՇՄ նախարարը Իտալիայի իր գործընկերոջ հետ քննարկել է շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությունը

COP30-ի շրջանակում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Իտալիայի շրջակա միջավայրի և էներգետիկ անվտանգության նախարար Գիլբերտո Պիկետտո Ֆրատինի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել է շրջակա միջավայրի ոլորտում երկկողմ համագործակցությունը, մասնավորապես՝ 2021 թվականի հոկտեմբերի 7-ին ստորագրված «Կայուն զարգացման ոլորտում համագործակցության մասին» հուշագրի իրականացումը։ Կողմերը վերահաստատել են համագործակցության պատրաստակամությունը կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության, աղետների ռիսկերի կառավարման, կենսաբազմազանության պահպանության, անտառային և ջրային ռեսուրսների, ինչպես նաև՝ թափոնների արդյունավետ կառավարման և շրջանաձև տնտեսության խթանման ոլորտներում։
 
Նախարար Մաթևոսյանը ողջունել է COP16-ի վերսկսված նստաշրջանի ընթացքում կայացված կարևոր որոշումները՝ ընդգծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում կոնվենցիայի կողմերի պատրաստակամությունն ու ջանքերը․ այս արդյունքներով ևս մեկ անգամ ապացուցվում է, որ բազմակողմ համագործակցությունն արդյունավետ գործիք է կենսաբազմազանության պահպանության գլոբալ մարտահրավերները հաղթահարելու համար։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև #CoP17-ի նախապատրաստական աշխատանքներին՝ ընդգծելով փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի և բարձր մակարդակի մասնակցության կարևորությունը։
 
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ խորացնելու համագործակցությունն ու համատեղ իրականացնել նախաձեռնություններ, որոնք կնպաստեն Հայաստանի և Իտալիայի միջև բնապահպանական գործընկերության ամրապնդմանը։

  • Կիսվել: