ուրբաթ, հունիս 21
21 / 6 / 2024
ՇՄ նախարարության աշխատակիցները Ենոքավանում են․ ուսումնասիրում են ընձառյուծի` որսորդի վրա հարձակվելու դեպքը

ՇՄ նախարարության աշխատակիցները Ենոքավանում են․ ուսումնասիրում են ընձառյուծի` որսորդի վրա հարձակվելու դեպքը

Ենոքավան գյուղի մոտակա անտառում կովկասյան ընձառյուծի որսորդի վրա հարձակվելու փաստը ուսումնասիրելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները այս պահին էլ գտնվում են Ենոքավանում: Այս մասին այսօրլրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Ըստ նախարարի նրանք արդեն հանդիպել են տուժածի հետ:

«Իրականում շատ զարմանալի է, որովհետեւ տասնյակ տարիներ այդ տարածքներում չի եղել կովկասյան ընձառյուծ: Սակայն անհերքելի ապացույցներ կան, որ այո՝ դա եղել է հենց կովկասյան ընձառյուծ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս պահին մասնագետներն այնտեղ տեղադրում են ֆոտոթակարդներ: Գրիգորյանը նաև նշեց, որ սովորաբար կովկասյան ընձառյուծը չի հարձակվում մարդու վրա՝ դա հիմնականում տեղի է ունենում կամ որջի մոտ, կամ սնվելու ժամանակ։

«Կուսումնասիրենք, կասենք»,-ասաց նախարարը՝ նորից հավելելով, որ զուտ կենսաբազմազանական առումով իրենց համար անակնկալ էր, որ այդ տարածաշրջանում կա կովկասյան ընձառյուծ։ Ավելի վաղ ԶԼՄ-երը հայտնել էին, որ Տավուշի մարզի Ենոքավանի համայնքի մոտ գտնվող անտառում կովկասյան ընձառյուծը հարձակվել է որսորդի վրա, նա տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։

  • Կիսվել: