հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Շիրակի մարզում ընթացող և ավարտված սուբվենցիոն ծրագրերում հայտնաբերված  թերությունները ամբողջությամբ վերացված չեն

Շիրակի մարզում ընթացող և ավարտված սուբվենցիոն ծրագրերում հայտնաբերված թերությունները ամբողջությամբ վերացված չեն

Շիրակի մարզում ավարտված ու ընթացող սուբվենցիոն ծրագրերի շինաշխատանքներում խախտումներ ու թերություններ են հայտնաբերվել: Այդ թվում և Գյումրիում, մշտադիտարկումներ կատարել է Շիրակի մարզպետարանի աշխատանքային խումբը, որը նաև հայտնաբերված թերությունները վերացնելու, նախագծային պահանջներին համապատասխանեցնելու հանձնարարականներ է տվել կապալառու ընկերություններին։

Մինչև փաթեթներն ուսումնասիրվեցին, շինմրցույթների երկարատև փուլերն անցան, այս տարվա սուբվենցիոն ծրագրերը մարզում մայիսի փոխարեն հուլիսին սկսվեցին։ Մարզի ընդհանուր ծրագրային փաթեթը 7,7 միլիարդ դրամ արժեքով է, հիմնական ուղղություններն էլ գրեթե անփոփոխ՝ ճանապարհաշինություն, մանկապարտեզների վերանորոգում, համայնքային կենտրոնների կառուցում, նոր ջրագծերի անցկացում և այլն:

Թեև Գյումրին այս տարի ներկայացել էր ընդամենը վեց սուբվենցիոն ծրագրով, բայց 7․7 մլրդի մոտ կեսը քաղաքային ծրագրերի բաժինն էր։ Ֆինանսավորման չափը՝ 3.2 միլիարդ դրամ է կազմում, որից 1․5 միլիարդը քաղաքի բյուջեից ներդրումն է։ Բայց 6 ծրագրերից երկուսը մինչ հիմա չեն էլ սկսվել։

Սուբվենցիոն ծրագրերի մեկնարկի ուշացումները, թե ինչպես է լինում, որ միշտ նախագծային փոփոխությունների պատճառով են, քաղաքապետը բացատրում է, որ այդպիսի խնդիրներն առաջ են գալիս շինաշխատանքների ընթացքում: Բայց քիչ չեն դեպքերը, երբ նախագծողները տեղանքին ու ենթակառուցվածքներին անտեղյակ նախագիծ են կազմում։

«Նախագծողների քանակը քիչ է, շտապում են, մասնակցում են բոլոր տեղերով և չհասցնելով ժամանակի մեջ, արագացնելով՝ խնդիրներ են առաջ բերում, բնականաբար, «Գնումների մասին օրենքով» ֆիքսված է, պահանջներ կան, պայմաններ կան, հիմա սուբեկտիվ և օբեկտիվ պատճառներ են եղել»,- նշում է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Սուբվենցիոն ծրագրով քաղաքում հիմնանորոգվում է 8.5 կմ կամ 102 քառակուսի գծամետր փողոց ու մայթ: Աշխատանքների հիմնական մասն ավարտված է, բայց երկրորդային նշանակության փողոցները շահագործման չեն հանձնում։ Գրեթե բոլորում թերություններ ու շինխախտումներ են հայտնաբերվել։ Խախտումները դիտարկողը եղել է Շիրակի մարզպետարանի աշխատանքային խումբը։

«Իրականացված ասֆատբետոնյա ծածկույթը չէր համապատասխանում վերին շերտի մանրատիպ ասֆալտի նորմերին, զգուշացվել է կապալառու կազմակերպությանը, եղել են եզրաքարերի շարման խախտումներ, եղել են մայթերի ասֆալտբետոնյա ծածկույթում արդեն իսկ քայքայման պրոցեսներ»,- հայտնաբերված խախտումները ներկայացրել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը

Մշտադիտարկմանը հաջորդել են զգուշացումներն ու կապալառու ընկերություններին հանձնարարականները՝ վերացնել թերությունները, բայց առայժմ Գյումրիի շինարարներից պատասխան չեն ստացել: 5 փողոցներում շրջայցերի ժամանակ հայտնաբերել են նաև նախագծանախահաշվային փաստաթղթերում չհամաձայնեցված փոփոխություներ, ինչպես նաև ներքին կոմունիկացիաների անցկացման թերություններ:

Մարզպետարանի մշտադիտարկողներից առանձին քաղաքապետարանի քաղաքաշինության մասնագետները ևս փողոցաշինական աշխատանքներում գտել են թերություններ, ընթացքում եթե դրանք անգամ վերացրել են, ամեն դեպքում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ վերջնարդյունքում շինթերություններից խուսափել հնարավոր չի եղել։

Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ փողոցներ են հիմնանորոգում ու մեծ մասամբ երկրորդական, բայց մյուս կողմից տարբեր պատճառներով քանդում են կենտրոնական փողոցների որոշ հատվածներ, տեղը կատարում են կամ փոսալցման կամ հարթեցման աշխատանքներ: Ասֆալտաշերտը քանդում են գազի, ջրի, լույսի սնուցման կամ այլ մալուխներ անցկացնելու համար։

Նման դեպքերում քանդած փողոցը նորից ասֆալտելու պարտավորությունը տվյալ կազամակերպությանն է, որի համար իր միջոցներն է ծախսելու։ Իսկ քաղաքային բյուջեի գումարներով քաղաքապետարանը ևս մեկ տարի ընդամենը անցանելի է պահելու Անի թաղամասի փողոցները։ Այս տարվա սուբվենցիոն ծրագրում ներառված թաղամասի երկու փողոցների հիմնանորոգումը այդպես էլ ավարտին չեն հասցրել։ Դրանք կմնան խճապատված մինչև եկող գարուն։ Թաղամասի մնացած փողոցները, հիշեցնենք, նախատեսվում է ամբողջական նորոգել ՎԶԵԲ ծրագրով։

Ըստ shantnews.am-ի:

  • Կիսվել: