չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Շիրակի մարզպետը շնորհավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հանդես եկած շիրակցի ծանրորդներին

Շիրակի մարզպետը շնորհավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հանդես եկած շիրակցի ծանրորդներին

Շիրակի մարզի մարզիկները ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձել են 6 մեդալով՝ 3 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ:  Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ապրիլի 28-ին ընդունել է Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունում ՀՀ հավաքական թիմի կազմում հանդես եկած և հաղթող ու մրցանակակիր դարձած Շիրակի մարզի ծանրորդներին ու նրանց անձնական մարզիչներին։

Ինչպես տեղեկացրել են Շիրակի մարզպետարանից,  ողջունելով ու հաղթանակի առթիվ շնորհավորելով մարզիկներին ու մարզիչներին, մարզպետը նշել է, որ մեծ ուրախությամբ է հետևել առաջնությանն ու առանձնակի ոգևորությամբ տոնել հաղթանակները: «Մեր երկրում առաջին անգամ կազմակերպված Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությունը կրկնակի ոգևորիչ էր, քանզի  առաջնությունն անցկացվեց բարձր մակարդակով, մեր մարզիկներն էլ աչքի ընկան մարզական բարձր նվաճումներով։ Շիրակ աշխարհում ծանրամարտը եղել և մնում է ամենահեղինակավոր մարզաձևերից մեկը։ Ձեր ելույթներով մեր ազգին պարգևեցիք անմոռանալի պահեր և վերահաստատեցիք հայ ծանրամարտի ավանդույթները։ Ինձ համար ձեր քայլը հայրենասիրության յուրօրինակ դրսևորում է, քանզի եթե ամեն ոք իր գործին մոտենա այսքան պատվախնդրորեն ու պատասխանատվությամբ՝ հաջողած կլինենք շատ բնագավառներում»,-իր խոսքում նշել է մարզպետը։

Մարզիչներն ու մարզիկները շնորհակալություն են հայտնել ուշադրության և ջերմ վերաբերմունքի համար և հավաստել, որ իրենց համար կարևոր է, երբ զգում են քաջալերանք ու աջակցություն իշխանությունների կողմից, ինչը նոր նվաճումների է տանում։

 

Շնորհակալագրեր ու հուշանվերներ են հանձնել մարզիկներին ու մարզիչներին՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն (2022–2023թթ.), աշխարհի առաջնության մրցանակակիր (2022թ.) Վարազդատ Լալայանին ու նրա մարզչին՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Կարեն Կարապետյանին, ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի 2023-ի առաջնության մրցանակակիր Սամվել Գասպարյանին ու նրա մարզչին՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Եղոյանին, ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն (2023թ.) Գարիկ Կարապետյանին և նրա մարզչին՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Ալեքսան Կարապետյանին, ծանրամարտի Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն (2022–2023թթ.) Արա Աղանյանին ու նրա մարզչին՝ Հովհաննես Շահնազարյանին, ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն(2022թ.) և մրցանակակիր(2023թ.) Ռաֆիկ Հարությունյանին ու նրա մարզչին՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Գրիգորյանին։

  • Կիսվել: