չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող CAFSEP ծրագիրն օգնում է մարզերի տնտեսություններին ամրապնդել իրենց կենսապահովումը

ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող CAFSEP ծրագիրն օգնում է մարզերի տնտեսություններին ամրապնդել իրենց կենսապահովումը

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից կազմակերպված մեդիա այցի ընթացքում լրագրողները հանդիպեցին «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման» (CAFSEP) ծրագրի շահառուներին և անմիջականորեն ծանոթացան, թե ինչպես է ծրագիրն աջակցում գյուղական համայնքներին՝ բարելավելու պարենային անվտանգությունը, բարձրացնելու կլիմայական փոփոխությունների նկատմամբ դիմակայունությունը և ընդլայնելու տնտեսական հնարավորությունները։

Այցի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպեցին ծրագրի շահառուներ Գայանե Մկրտչյանին, Ասյա Մարգարյանին և Լարիսա Հարությունյանին, որոնք պատմեցին, թե ինչպես է CAFSEP-ի շրջանակում ստացած աջակցությունը նպաստել իրենց գյուղատնտեսական գործունեության զարգացմանն ու առօրյայի բարելավմանը։

Շահառուների խոսքով՝ ծրագրի միջոցով տրամադրված ժամանակակից սարքավորումները, այդ թվում՝ սառնարանային և վերամշակման տեխնոլոգիաները, զգալիորեն նվազեցրել են գյուղատնտեսական արտադրության համար անհրաժեշտ ժամանակն ու աշխատուժը։ Խնայված ժամանակը հնարավորություն է տվել նրանց ընդլայնել գործունեությունը, բարձրացնել արտադրողականությունը և ստեղծել լրացուցիչ եկամտի աղբյուրներ իրենց ընտանիքների համար։ Հատկանշական է, որ այցի ընթացքում ներկայացված բոլոր տնտեսությունները ղեկավարվում են կանանց կողմից։

CAFSEP ծրագիրն աջակցում է խոցելի գյուղական տնտեսություններին՝ իրականացնելով կլիմայական փոփոխություններին հարմարեցված գյուղատնտեսական ներդրումներ, որոնք օգնում են համայնքներին հարմարվել փոփոխվող կլիմայական պայմաններին՝ միաժամանակ ամրապնդելով պարենային անվտանգությունն ու կենսապահովումը։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ և Ճապոնիայի Բարգավաճ և Դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հիմնադրամի (JFPR) ֆինանսավորմամբ։

ԱԶԲ Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովան ընդգծել է ծրագրի կարևորությունը գյուղական համայնքների զարգացման գործում.

«Այս ծրագրի կարևորությունն այն է, որ այն մարդկանց համար ստեղծում է շոշափելի արդյունքներ։ Ֆերմերներին աջակցելով, պարենային անվտանգությունն ամրապնդելով և գյուղական համայնքների համար նոր հնարավորություններ ստեղծելով՝ մենք նպաստում ենք Հայաստանի ավելի ուժեղ և դիմակայուն ապագայի կառուցմանը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ճապոնիայի Բարգավաճ և Դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հիմնադրամի (JFPR) միջոցով, ինչը վկայում է Հայաստանում կայուն և ներառական զարգացմանն աջակցելու Ճապոնիայի շարունակական հանձնառության մասին՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ»։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման» (CAFSEP) ծրագրի իրականացման թիմի տնօրեն Արման Սարգսյանը նշել է, որ ծրագիրն այժմ աջակցում է շուրջ 230 շահառուի՝ ներառյալ 200 տնային տնտեսություն և 30 բիզնես, և շարունակում է խթանել ժամանակակից գյուղատնտեսական գործելակերպերի և կլիմայական դիմակայունության զարգացումը գյուղական համայնքներում։

Այցը ցույց տվեց, թե ինչպես կարող են գյուղական զարգացմանն ուղղված նպատակային ներդրումները վերածվել համայնքների համար շոշափելի արդյունքների՝ օգնելով ֆերմերներին բարձրացնել արտադրողականությունը, բարելավել կենսապահովումը և կառուցել ավելի դիմակայուն ապագա։

  • Կիսվել: