Պետությունը չպետք է համայնքին պարտադրի այս կամ այն առաջնահերթությունները. «Ուժեղ Հայաստան»
Մեր նպատակը պետք է լինի ապահովել, որպեսզի յուրաքանչյուր համայնք, անկախ նրա ղեկավարի քաղաքական դիրքորոշումից, ներառված լինի պետական զարգացման ծրագրերում և տնտեսական շրջանառության մեջ։ Հայաստանում չպետք է լինեն երկրորդական համայնքներ։ Այս մասին օգոստոսի 26-ին Ազգային ժողովի նիստում, տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։
Նա համոզված է՝ պետությունը չպետք է համայնքին պարտադրի այս կամ այն առաջնահերթությունները։ Վերջինս պետք է հնարավորություն ունենա ինքնուրույն որոշելու դա։
Պատգամավորը նշել է, որ Կառավարությունն իրականացնում է գյուղատնտեսության զարգացմանն ու աջակցությանը միտված մի շարք ծրագրեր, սակայն դրանցից օգտվում են քչերը՝ հիմնականում խոշոր տնտեսությունները։
«Ուստի անհրաժեշտ է ճիշտ գնահատել գյուղի կարիքները։ Չէ՞ որ գյուղն ապահովում է պարենային անվտանգությունն ու մեր սահմանների ամրությունը», - ասել է Յոլյանը։



