Մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն ամփոփեցին Եվրոպայի առաջնության արդյունքները
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Համլետ Մանուկյանն ու բրոնզե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանն ամփոփեցին Եվրոպայի առաջնության արդյունքները։
«Ինձ համար միջազգային մրցաշարերում նվաճած մեդալները մեծացնում են ավելի լավ արդյունքներ գրանցելու պարտավորությունը։ Եվրոպայի առաջնությունից առաջ ունեի փոքրիկ վնասվածք, սակայն կարողացա լավ կատարել վարժությունը։ Ինձ համար առավել ոգևորիչ էր այն, որ մրցաշարից առաջ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ասաց, որ հավատում է իմ հաջողությանը։ Դա ինձ իսկապես օգնեց»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանը։
ԵԱ-ի փոխչեմպիոն Համլետ Մանուկյանի կարծիքով՝ իր համար ցանկացած մեդալ առանձնակի կարևորություն ունի։
«Եվրոպայի առաջնության այս արծաթե մեդալի համար ես իսկապես ուրախ եմ։ Հպարտ եմ նաև, որ եզրափակչում՝ մեր մարզիչների շնորհիվ, կարողացանք լավ կատարել վարժությունը։ Հիմա պետք է ավելի շատ աշխատենք, որ մյուս տարի ավելի լավ արդյունքներ լինեն»,- շեշտեց նա։
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած մարմնամարզության Եվրոպայի առաջնության առանձին գործիքներից նժույգ-թափերի եզրափակչում Համլետ Մանուկյանը վաստակեց 15.000 միավոր և դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։ Հավաքականի անդամ Մամիկոն Խաչատրյանը, վաստակելով 14.900 միավոր, զբաղեցրեց երրորդ տեղը։ Նախորդ տարի Մանուկյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Խաչատրյանը նվաճել էր արծաթե մեդալը։ Մարմնամարզության Եվրոպայի 2027 թվականի առաջնությունը կկայանա Երևանում։



