չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Շատերը մոռանում են, որ ծխելու արգելքը տարածվում է նաև բացօթյա օբյեկտների վրա. Ոստիկանություն

Շատերը մոռանում են, որ ծխելու արգելքը տարածվում է նաև բացօթյա օբյեկտների վրա. Ոստիկանություն

2022 թվականի մարտի 15-ից ուժի մեջ մտած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը արգելվում է հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա օբյեկտներում (ճաշարաններ, սրճարաններ, բարեր և այլն), հայտնում են Ոստիկանությունից:

՛՛Մեր համաքաղաքացների ուշադրությունը հրավիրում ենք հատկապես այս հանգամանքին, քանի որ ամառային հանգստի շրջանով պայմանավորված՝ շատերը ժամանցի համար ընտրում են բացօթյա օբյեկտները և հաճախ մոռանում, որ ծխախոտային արտադրանքի և փոխարինիչների օգտագործման արգելքը տարածվում է նաև դրանց վրա:

Հիշեցնում ենք, որ օրենքի կիրարկումը շարունակվում է, նաև վարչական պատասխանատվություն է սահմանված վերոհիշյալ դրույթի խախտման համար, իսկ սույն բնույթի իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավասությունը վերապահված է ոստիկանությանը:

Մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և համոզված ենք, որ նրանք ոչ միայն ձեռնպահ կմնան օրենքի պահանջը խախտելուց, այլև կաջակցեն ոստիկանության ծառայողներին՝ հանրային առողջության պահպանմանն ուղղված գործում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: