երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սևանա լճում գործարկվել է Ջրային պարեկային ծառայությունը

Սևանա լճում գործարկվել է Ջրային պարեկային ծառայությունը

Շաբաթ օրը Սևանա լճի հարակից տարածքում կայացել է Ջրային պարեկային ծառայության գործարկման միջոցառումը, որին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ԱԺ պատգամավորներ և պաշտոնատար այլ անձինք:

«Պարեկային ոստիկանության ջրային ծառայության մեկնարկն ենք այսօր տալիս, ինչը շատ կարևոր իրադարձություն է», - իր ելույթում հայտարարել է վարչապետը: - «Ըստ էության, մենք սրանով արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իրավակարգը գործում է բոլոր տեղերում, բոլոր անկյուններում: Այս առումով, շատ կարևոր է այս նոր ծառայության գործարկումը, որը նոր է նույնիսկ նոր ստեղծված Պարեկային ոստիկանության մեջ, որովհետև ծառայությունը հիմնականում կապված է լինելու Սևանա լճի վրա և ափամերձ տարածքներում իրականացվող իրավապահ գործունեության հետ»:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին այս հարցում նույնպես աջակցություն ցուցաբերելու համար. - «Խոսքը Ռուսաստանի Դաշնության կառավարության, Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին է, Եվրամիության մեր գործընկերները Պարեկային ծառայության ձևավորման առաջին օրից էլ մեզ աջակցում են, և այդ աջակցությունը շարունակական է»:

«Մենք այսքան երկար և հետևողական աշխատում ենք, Պարեկային ոստիկանությունն, ահա, այլևս ամբողջ հանրապետությունում իրողություն է: Ո՞րն է հաջորդը՝ Ներքին գործերի նախարարության տրամաբանության մեջ առաջիկայում պիտի Քրեական ոստիկանության բարեփոխումներ իրականացնենք, Համայնքային ոստիկանության բարեփոխումներ իրականացնենք, պետք է հիմնենք Ոստիկանության գվարդիա, պետք է Ոստիկանության կամ Ներքին գործերի նախարարության ակադեմիան նոր որակ և շունչ ստանա: Առաջիկայում Պարեկային ոստիկանության ծառայության հետ կապված Օպերատիվ կառավարման կենտրոնի շինարարության ավարտին և բացմանն ենք սպասում», - հայտարարել է պետության ղեկավարը: - «Փրկարար ծառայության բարեփոխումներն են առաջիկայում նախատեսվում: Փրկարար ծառայությունում, ինչպես և Ոստիկանությունում, ծառայելը պետք է լինի ամենահեղինակավոր աշխատանքներից մեկը Հայաստանի Հանրապետությունում»:

Հայաստանում Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը կամ ոստիկանը և փրկարարը պետք է դառնան ամենավստահելի մարդիկ, ընդգծել է վարչապետը:

Ջրային պարեկային ծառայությունը՝ համագործակցելով մյուս գերատեսչությունների և ստորաբաժանումների հետ, բարձրորակ ծառայություն կիրականացնի հասարակական անվտանգության ապահովման, ինչպես նաև հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, ասված է Կառավարության լրատվական վարչության հաղորդագրությունում:

Պարեկային ծառայության մասնագիտական ստորաբաժանման ծառայողների հետ Սևանա լճում դասընթացներ են իրականացրել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ICITAP ծրագրի շրջանակում ԱՄՆ-ից ժամանած հրահանգիչները։

Զուգահեռ իրականացվել են նաև տեսական պարապմունքներ, որոնք անցկացրել են «Սևան» ազգային պարկի, ՆԳՆ փրկարար ծառայության, կրթահամալիրի և պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ներկայացուցիչները։ Իսկ այս ամենին նախորդել էին միջազգային գործընկերների հետ համատեղ լայնածավալ աշխատանքներ, ջրային պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար մրցույթներ, ստուգարքներ։

Երևան են տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության տրամադրած նավերը, իսկ ամերիկացի գործընկերների հետ իրականացվել են ուսումնական գործընթացներ և մոդուլների մշակումներ։

Անհրաժեշտ մնացած գույքի՝ նավերի, սկուտերների, ռադիոկապի միջոցների, ջրային տեխնիկայի տեղափոխման համար նախատեսված ծառայողական ամենագնացների ձեռքբերումը, ինչպես նաև մոդուլային շենքերի կառուցումն ու կահավորումն իրականացվել և իրականացվելու է պետական բյուջեի միջոցներով։

Լողալու կարողությունների մակարդակի ստուգման մրցույթը հաջողությամբ հաղթահարած պարեկները ՆԳՆ կրթահամալիրում անցել են վերապատրաստումներ, ցամաքային և ջրային վարժանքներ։ Նրանք ուսումնասիրել են ջրային պարեկային ծառայության օրենսդրությունը, անցել են ֆիզիկական և կրակային պարապմունքներ, ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: