կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Սևան համայնքում անցկացվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ» միջոցառումներ

Սևան համայնքում անցկացվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ» միջոցառումներ

 Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում  հունիսի 20-22-ին անցկացվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ» միջոցառումներ։

Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից,  Սևանի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզում կազմակերպվել էր վիկտորինա և միջոցառում՝ էներգախնայողության և բնության պահպանության թեմաների շուրջ: Մանկապարտեզի ավագ խմբի սաները կարևորել են արևի դերը բնության մեջ, միաժամանակ՝  բնությունը պահպանելու ու պաշտպանելու գաղափարը, իսկ խաղերի ու դիդակտիկ նյութերի միջոցով կատարել են եզրահանգումներ, թե  ինչն է կարևոր՝ բնությունը մաքուր ու կանաչ պահելու համար: Այդուհետ էկոլոգիական պարապմունքը տեղափոխվել է աշխատանքային կենտրոններ, որտեղ, ըստ նախասիրությունների, երեխաները կանաչ աշխարհի  և մաքուր միջավայրի գաղափարն են ամրապնդել:

Նույն օրը Սևանի հեծանվային ակումբի հեծանվորդները իրականացրել են բնապահպանական խորագրով հեծանվային արշավ: Մեկնարկը տրվել է Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի հարակից տարածքից: Երթուղին ընդգրկել է Սևան քաղաքը, Լճաշեն, Գագարին, Գեղամավան, Ծաղկունք, Վարսեր բնակավայրերը: Բնակավայրերով անցնելիս հեծանվորդները տեղեկատվական թերթիկներ են բաժանել  անցորդներին:

Արդեն ավանդական դարձած «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն»  այս տարի անցկացվեց  «Մաքուր էներգիային անցման արագացում՝ ծախսերի նվազեցման և հմտությունների զարգացման նպատակով» խորագրի ներքո:

Սևան համայնքն արդեն 3-րդ տարին է, ինչ միանում է Կայուն էներգիայի շաբաթվան` ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո: 

  • Կիսվել: