ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սերժ Սարգսյանը քննադատում է այն, ինչն ինքը ստեղծել է իր համար. Մարուքյան

Սերժ Սարգսյանը քննադատում է այն, ինչն ինքը ստեղծել է իր համար. Մարուքյան

Սերժ Սարգսյանը խոսում է մի բանից, որ հենց իրենց է վերաբերում։Այս մասին խորհրդարանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Զագրեբում արած հայտարարությանը, թե արտաքին ու ներքին քաղաքական կյանքում որևէ փոփոխություն չի կատարվել վերջին 1,5 տարվա ընթացքումԼ

«Սահմանադրությամբ հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմները խեղաթյուրված են, խորհրդարանական կառավարման ամբողջ տրամաբանությունն ապականված է, իսկ այդ Սահմանադրության հեղինակներն իրենք են։ Այսօրվա իշխանությունը ժառանգել է սուպերվարչապետական համակարգ, որը հիմնադրել է Սերժ Սարգսյանն` ինքն իր համար, սակայն բոլորին հայտնի հանգամանքներից ելնելով  չի կարողացել վայելել։ Հիմա  քննադատում է այն, ինչն ինքը ստեղծել է իր համար»,- նշեց Մարուքյանը։

Ինչ վերաբերում է ներկայիս իշխանություններին՝  պատգամավորը ասաց, որ նրանց էլ պետք է  քննադատել նրա համար, որ այդ համակարգը դեռևս չեն վերափոխել։ «Հայաստանում ժողովրդավարությունը էմոցիոնալ մակարդակում է, ինստիտուցիոնալ մակարդակում մենք ունենք այն, ինչ Սերժ Սարգսյանը շատ լավ նկարագրել է իր ելույթում։ Ես հույս ունեմ, որ 2020թ-ին ստեղծվող սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ամբողջությամբ վերանայելու է սուպերվարչապետական համակարգը և ամբողջությամբ այդ համակարգը ձևափոխելու ենք»,- ընդգծեց պատգամավորը։  

Խոսելով քաղաքական հետապնդումների մասին՝ Էդմոն Մարուքյանը նկատեց, որ եթե նման նկատեն, իրենք հայտարարություն կանեին։

Մասնավորապես, անդրադառնալով Արսեն Բաբայանի գործին՝ ասաց, որ առաջին օրից բարձրաձայնել են՝ այն անապագա քրեական գործ է. «Ես ասել եմ՝ ինչպես այդ քրեական գործը մեծ շուքով հարուցվել է, այդպես էլ մեծ շուքով էլ կարճվելու է»։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ նշեց, որ համաձայն չէ երրորդ նախագահի՝ արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշման հետ։

«Չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը ծրագրում նշել է՝  արտաքին քաղաքականութան առումով վեկտորներ չեն փոխվել, այնուամենայնիվ, ՀՀ-ն ձգտում է վարել ոչ միայն բալանսավորված քաղաքականություն, այլև որակական ու բովանդակային առումով նոր շեշտադրումներ և խորություն է հաղորդում իր գործընկերների հետ հարաբերությանը: Դրա վառ վկայությունն են եվրոպական մի շարք երկրների հետ Հայաստանի  հարաբերությունները»,- նշեց Լիլիթ Մակունցը՝ հավելելով, որ բոլոր հիմքերը կան պնդելու՝  Հայաստանը գործնական քայլեր է ձեռնարկում խորհրդարանական տեսանկյունից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խորացնելու։

Պատգամավորը հայտնեց, որ այս հարաբերություններում չափազանց կարևոր են ՀՀ սուվերեն դիրքերը. «Սա է ամենամեծ շեշտադրումներից մեկը, որ անում ենք միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ»։

 

  • Կիսվել: