ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Սասնա Ծռերը» հավաք-երթ կանցկացնի Ազատության հրապարակում

«Սասնա Ծռերը» հավաք-երթ կանցկացնի Ազատության հրապարակում

«Սասնա Ծռեր» խմբավորումը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

«2016 թ. հուլիսի 17֊ին Սասնա Ծռեր խմբավորումը դիմեց զինված ապստամբության։

Այդ ժամանակ ոչ մի ուրիշ ելք չկար։

Մարտի 1 արած, դրանով իշխանության յուրացումն ու պետության զավթումն ամբողջացրած ռեժիմը պատրաստվում էր ազգային դավաճանության, ուստի հարկավոր էր տապալել նրան։

Սասնա Ծռերի ապստամբության շնորհիվ վիժեցվեց չարաբաստիկ Լավրովյան պլանը և կանխվեցին Արցախի ազատագրված տարածքների հանձնումն ու հազարավոր զոհերը, իսկ ազգադավ ռեժիմն էապես թուլացավ և վախը սրտում սկսեց սպասել համաժողովրդական ընդվզման։

Համաժողովրդական ընդվզումը, որ գլխավորապես Սասնա Ծռերի ապստամբության շնորհիվ հասունացել ու հնարավոր էր դարձել և միայն առիթի էր սպասում, տեղի ունեցավ 2018 թ. ապրիլին։

Դրա ալիքը թամբած Նիկոլ Փաշինյանը և իր թիմը ներկայացան հեղափոխական կարգախոսներով։ Ժողովուրդը վստահեց և նրանց տվեց հեղափոխության մանդատը։

Սակայն ժողովրդի ուժով և վստահությամբ պետական կառավարումն ստանձնելուց անմիջապես հետո նրանք սկսեցին գործել հեղափոխությանը հակառակ։

Ապստամբ ռազմագերիները դեռ ամիսներ մնացին բանտում, ապա, միայն կալանքից ազատվելով, շարունակեցին ամբաստանվել ու դատվել։ Իսկ նրանցից երկուսը՝ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, մինչ օրս ռազմագերի են և գտնվում են բանտում։

 

Անցած երկու տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը քաշքշեցին ապստամբներին ազատ արձակելու հարցը և խաբեցին ժողովրդին՝ այդ թվում նախկինների նման փորձելով ապստամբներին ներկայացնել որպես հանցագործներ։

Այսօր արդեն ակնհայտ է, որ կոմեդիան ավարտված է։ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը նախորդների իրավահաջորդն է՝ նրանց տրամաբանական շարունակությունը և 8,5֊ից մինչև ցմահ ազատազրկում է պահանջում ապստամբների համար։

Սիրելի՛ հայրենակից

Ժամանակն է կողմնորոշվելու։

Ժամանակն է վերհիշելու, թե ինչի՞ համար ապստամբեցին Սասնա Ծռերը և թե ինչո՞ւ էիր դու նրանց աջակցում։

Ժամանակն է ձայն հանելու և փողոց դուրս գալու՝ հեղափոխությանը դավաճանած Նիկոլ Փաշինյանից ու նրա վարչախմբից պահանջելով վերջ տալ երկերսանի խաղին և հրաժարվել Սասնա Ծռերի դեմ Սերժ Սարգսյանի հրամանով հորինված կեղծ մեղադրանքներից։

"Ազատություն ապստամբներին" նախաձեռնությունը կոչ է անում մասնակցել հավաք֊երթին, որի պահանջն է ազատ արձակել ռազմագերիներ Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին և դադարեցնել Սասնա Ծռերի ապօրինի դատավարությունը։

Հավաք֊երթը կմեկնարկի հոկտեմբերի 2֊ին, ժամը 18։00֊ին, Ազատության հրապարակից»։

  • Կիսվել: