ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սարի Թաղում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Սարի Թաղում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Սարի-Թաղում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

2020թ. հունվարի 1-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, 47-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Երևան քաղաքի Սարի-Թաղի 40-ամյա բնակչի հետ, որի ժամանակ ձեռքով հարվածել է վերջինիս դեմքի շրջանին, ինչից նա ընկել է մեքենաների թափոնների վրա, որից հետո իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

  • Կիսվել: