շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սարգիս Մուրադյանն ընտրվել է Սեւան համայնքի ղեկավար

Սարգիս Մուրադյանն ընտրվել է Սեւան համայնքի ղեկավար

Դեկտեմբերի 17-ին Սեւանի համայնքապետարանում տեղի ունեցավ Սեւան համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու առաջին  նիստը: Սեւանի համայնքապետարանից,  ավագանու նիստը վարել  է ավագանու նիստին ներկա եւ տարիքով ավագ անդամը` Կամո Ավագյանը: Նա  հայտարարել է նիստի բացման մասին, ապա նիստին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են  Արցախյան  44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը:

Օրակարգային առաջին հարցը վերաբերել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սեւան խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությանը:

Սեւան համայնքի ավագանին որոշել է  Սեւան համայնքի ղեկավար  ընտրել «Սարգիս Մուրադյան» դաշինքի ավագանու անդամների ցուցակը գլխավորող Սարգիս Խաժակի Մուրադյանին:

Սեւան համայնքի նորընտիր ղեկավար Սարգիս Մուրադյանը, ողջունելով ավագանու անդամներին, նշել է, որ նախորդ 5 տարիների աշխատանքի արդյունքում «Սարգիս Մուրադյան» դաշինքը ստացել է վստահության այսպիսի քվե, որը միաժամանակ մեծ պատասխանատվություն է:

«Առաջիկայում մեզ սպասվում են լուրջ գործընթացներ արդեն Սեւանի տարածաշրջանի առումով, եւ տարածաշրջանի բնակավայրերի համաչափ զարգացումը դառնալու է մեր ամենօրյա աշխատանքի առանցքը: Համայնքի ավագանու դերակատարումը էլ ավելի է մեծանալու, եւ ես համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կկայացվեն համայնքապահպան ու համայնքաշեն որոշումներ, որի արդյունքում Սեւանը դառնալու է հանրապետության ներկայանալի եւ օրինակելի համայնքներից մեկը»,- ասել է   Սարգիս Մուրադյանը:

Օրակարգային հաջորդ հարցի` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին  ներկայացրել է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը, նշելով, որ Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի երդման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին` ժամը 11:00-ին, Սեւանի համայնքապետարանում: Երդման արարողությունից հետո Սեւան համայնքի ղեկավարը կստանձնի իր պարտականությունները:

Օրակարգային վերջին հարցը վերաբերել է  Սեւան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելուն ։  Համայնքի ավագանին որոշել է ավագանու հերթական նիստը գումարել 2021 թվականի  դեկտեմբերի 24-ին, Սեւանի համայնքապետարանում:

  • Կիսվել: