Սարդարապատում հանդիսավորությամբ նշվեց զորահրամանատար, ազգային հերոս Դանիել Բեկ-Փիրումյանի ծննդյան 162-ամյակը
Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանում հանդիսավոր պայմաններում նշվեց Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատար, ազգային հերոս Դանիել Բեկ-Փիրումյանի ծննդյան 162-ամյակը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում հուշահամալիր-թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Սվետլանա Պողոսյանը նշեց, որ իրենք մեծապես կարևորում են ականավոր զորավարի անցած փառավոր ուղին, ինչի վկայությունն են նրա հիշատակին նվիրված և ավանդական դարձած միջոցառումները։
«Դեպի թանգարան բերող ճանապարհը 2018 թվականից անվանակոչվել է զորավարի անունով։ Նախկինում պարբերաբար կազմակերպվել է ծաղկեզամբյուղի և թրի խոնարհման միջոցառումներ ս․ Գայանե եկեղեցու բակում թաղված հրամանատարի շիրմի մոտ։ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը մեծապես գնահատել է Բեկ-Փիրումյանի վաստակը՝ թույլատրելով նրա աճյունն ամփոփել եկեղեցու բակում»,- ասաց Պողոսյանը։
Քանի որ թանգարանի հարկաբաժիններից մեկում մի ցուցադրական համալիր ամբողջությամբ նվիրված է Դանիել և Պողոս Բեկ-Փիրումյաններին, ուստի նախապես որոշել էր այս տարի հուշահամալիրի տարածքում կազմակերպել բանախոսություն-համերգ՝ հրավիրելով մերձակա համայնքների հանրակրթական դպրոցների աշակերտներին։
«Դանիել Բեկ-Փիրումյանն իսկապես փառահեղ կերպար է, մասնակցել է բազմաթիվ ճակատամարտերի, որոնց պսակը դարձավ Սարդարապատի հերոսամարտը։ Նա նաև ցարական բանակի գնդապետ էր և իր ռազմարվեստով մեծ համբավ էր վայելում ցարական Ռուսաստանում։ Հատկապես մեր օրերում նման հերոսների մեծարումն ունի առանձնակի խորհուրդ»,- նշեց Պողոսյանը։
Ի դեպ, հարակից համայնքներից եկած դպրոցականների թվում Մեծամորից ժամանել էին նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում հանգրվանած բազմաթիվ աշակերտներ, որոնց համար մեծ պատիվ էր մասնակցել լեգենդար հայրենակցի մեծարմանը։ Դպրոցականները շրջայց կատարեցին թանգարանի ցուցասրահներում՝ ծանոթանալու հայոց հերոսամարտերի տարեգրությանն ու անվանի ռազմիկների քաջագործություններին։ Հուշահամալիր-թանգարանի աշխատակից Արևիկ Մելիքյանն ամփոփ ներկայացրեց զորավար Բեկ-Փիրումյանի անցած փառավոր ուղին, նրա կյանքի հետաքրքրական դրվագները։ Միջոցառման ընթացում ելույթ ունեցան և հաղթական ռազմապարեր ներկայացրին Այգեշատ գյուղի «Սուրմալու» համույթի և Արմավիրի թիվ 6 արվեստի դպրոցի սաները։
Հուշահամալիր-թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը տեղեկացրեց, որ 2026 թվականին նախատեսված միջոցառումների թվում պատշաճ կերպով և ավելի մեծ ընդգրկվածությամբ նշվելու է Սարդարապատի ճակատամարտի հերոս զորավարի 165-րդ հոբելյանական տարեդարձը։