շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Իմպիչմենտը այս պահին իշխանափոխության ամենաիրատեսական գործիքն է, այլընտրանքը՝ ոչինչ չանելն է. Մամիջանյան

Իմպիչմենտը այս պահին իշխանափոխության ամենաիրատեսական գործիքն է, այլընտրանքը՝ ոչինչ չանելն է. Մամիջանյան

Ես չեմ կիսում այն մարդկանց կարծիքը, որոնք ասում են՝ եռատոն այլևս չկա։ Այս մասին այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Եռատոն կա, այն մեծ զոհողությունների գնով վաստակած հաղթանակները, որոնք մենք նշել ենք և նշում ենք այսօր, ոչ մեկ մեզանից խլել չի կարող։ Այսօրվա կառավարիչների հենց նպատակն է մաքրել պատմությունը մեր հաղթանակներից, որպեսզի մենք դրանք մոռանանք։ Մենք դա անել չենք կարող, եռատոնը մերն է և վստահեցնում եմ, որ մենք հետագայում ունենալու ենք շատ ավելի մեծ, շատ ավելի զորեղ հաղթանակներ։

Այդ հաղթանակի համար կա մի պայման, որը պարտադիր է, դա համախմբվածություն է։ Ես խորապես վստահ եմ, որ այն իբր թեզերը, որոնք հիմա առաջ են տանում այսօրվա կառավարիչները, դրանց կիսողները, Հայաստանում փոքրամասնություն են։ Մեծամասնությունը հավատում է, որ մեր հայրենիքին սպասում են մեծ հաղթանակներ, հավատում է մեր ազգային արժեքներին, մեր եկեղեցու արժեքներին, մեր պատմությունն է արժևորում։ Ես գիտեմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը այդպես է մտածում։

Պարզապես այնպես է ստացվել, որ մի խումբ մարգինալներ այս պահին փորձում են մեզ կառավարել, հենց որ դա փոփոխվի հայրենասերների միասնության շնորհիվ, հաղթանակները իրենց սպասեցնել չեն տա»,– ընդգծեց Մամիջանյանը։

Հարցին՝ ինչպե՞ս պետք է դա փոխվի, արդյո՞ք իմպիչմենտի օրակարգը, որ նաև հավանության է արժանացել Հանրապետական կուսակցության կողմից, կկարողանա այդ այլընտրանքային օրակարգ դառնալ, նա պատասխանեց. «Երբ մենք պիտի իրականացնենք մեր առաքելությունը, մեր պարտքը, մեր պայքարը, ես, ճիշտն ասած, սովոր չեմ «քցել–բռնել»՝ կստացվի, թե չի ստացվի։ Ուժերի 150% լարվածությամբ մենք պիտի լցվենք գործի, իսկ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը այս պահին առկա ամենահավանական և ամենաիրատեսական գործիքն է իշխանափոխության։ Այլընտրանքը ոչինչ չանելն է, իսկ դա մեզ համար չէ»։

  • Կիսվել: