Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ
ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շնորհավորել է Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով.
«Սիրելի՛ արցախցիներ,
Այսօր Հայոց սրբազան եռատոնն է։ Հայրենական պատերազմի հերոսական հաղթանակի, Արցախյան Առաջին պատերազմում Շուշիի ազատագրման, և Արցախի Պաշտպանության Բանակի հիմնադրման նվիրական և պանծալի պատմական դրվագները մեկտեղվել են մայիսիննյան համազգային խորհրդի մեջ։
Ներկայիս ցավագին իրականությունը, որը վերջին տարիներին վշտով է մթագնել բոլորիս սրտերը, ազգային ու հայրենական ուրախության առիթներ քիչ է ընձեռում մեր ժողովրդին։ Սակայն դա չպետք է պատճառ հանդիսանա՝ մոռացության անդունդը նետելու մեր հերոսական անցյալը և պայծառ ապագայի հույսի ներշնչանքը, որ բխում է անցյալ տասնամյակների մեր ունեցած ազգային ձեռքբերումներից։
Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների։ Թող այդ հիշատակը մեզ զորացնի ու մղի նոր կամքի կերտման ուղին բռնելու, որպեսզի մեր կյանքում շարունակական լինեն հավաքական տոները։
Սիրելինե՛ր, թող այս օրը ևս մեկ առիթ լինի՝ աղոթելու մեր ժողովրդի այն զավակների համար, ովքեր իրենց կենսագրությամբ վկան են անցյալի փառքի, և հատկապես՝ նրանց, ովքեր կանգնած են Շուշիի ազատագրման և Արցախի բանակի կերտման ակունքներում։ Նրանցից ոմանք ի Տեր են ննջել փառքի կերտման ուղիներում. հավերժ հիշատա՜կ արդարոց հոգիներին։ Իսկ ոմանք էլ այսօր թշնամական գերության մեջ են՝ կրելով անասելի տառապանքներ Արցախի պետականությանը ծառայություն մատուցած լինելու պատճառով։
Արդ, հիշատակենք մեր սուրբ եռատոնը և վառ պահենք ոգու արիությունը, որովհետև Տերը մեզ պատվիրեց. «Ձեր սրտերը թող չխռովվեն, և չվախենաք» (Հովհ. 14։27)։ Որովհետև մեր որդիները, եղբայրները, հայրերն ու պապերը ևս չխռովվեցին ու չվախեցան։ Տիրոջով զորացած հոգևոր ուրախության ճանապարհով է, որ անցնում է հաղթանակի ու ազգային փառքի ուղին»։