երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սարդարապատի հուշահամալիրում Դավիթ Խուդաթյանը ստանձնել է Արմավիրի համայնքապետի պաշտոնն ու երդվել

Սարդարապատի հուշահամալիրում Դավիթ Խուդաթյանը ստանձնել է Արմավիրի համայնքապետի պաշտոնն ու երդվել

2021 թվականի դեկտեմբերի 21-ին Սարդարապատի հերոսամարտը հավերժացնող հուշահամալիրում անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ընտրված Արմավիր խոշորացված համայնքի  ավագանու առաջին նիստը: Այն վարել է ավագանու տարիքով ավագ անդամ Ստեփան Նազարյանը։ Այս մասին տեղեկացնում է Արմավիրի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնը Խուդաթյանը ստանձնել է օրենքի ուժով և ավագանու անդամներին է հանձնել ավագանու մանդատները: Նիստի ընթացքում  նորընտիր  ղեկավար Դավիթ Խուդաթյանը հանդիսավոր երդվել է: Երդման տեքստն ամբողջությամբ՝ ստորև.

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ.

Համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների` պարտավորվելով պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»։

Համայնքի ղեկավարը ստորագրել է երդման տեքստի տակ, այնուհետև հնչել է ՀՀ օրհներգը։ Շնորհավորանքի և օրհնանքի խոսքով հանդես է եկել Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Տաճատ քահանա Ինջիղուլյանը։

Նիստին ներկա են եղել մարզային և համայնքային կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ, համայնքապետարանի աշխատակազմի և ԶԼՄ ներկայացուցիչներ, հյուրեր։

  • Կիսվել: