երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Սալմոնելա և մանրէներ տեղական հավի մսում. լաբորատոր փորձաքննության արդյունքները․ «Հետք»

Սալմոնելա և մանրէներ տեղական հավի մսում. լաբորատոր փորձաքննության արդյունքները․ «Հետք»

Մայիսի 16-ին «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել տեղական արտադրության թարմ, պաղեցված հավերի 6 տեսակ։

Այս անգամ փորձաքննությանը ցանկություն էր հայտնել մասնակցելու նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Քանի որ նախորդ փորձաքննությունների ժամանակ ՍԱՏՄ-ից հայտնում էին, որ չեն վստահում «Հետքի նմուշառումներին», չնայած բազմիցս նշել ենք՝ կատարում ենք գնում, ոչ թե նմուշառում։ Նրանց առաջարկեցինք՝ իրենք մեզ ուղեկցեն գնելուց մինչ լաբորատորիա տանելու ողջ ընթացքում, սակայն ՍԱՏՄ-ից հայտնեցին, որ իրենք փորձաքննությունը կանեն ոչ թե «Հետք»-ի հետ, այլ զուգահեռ։

Այսպիսով, մենք միասին կատարեցինք միայն ապրանքների գնումը՝ նույն խմբաքանակից, ինչից հետո իրականացրինք դիմազերծում և տարանք «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիա։ ՍԱՏՄ-ն գնված ապրանքները տարավ իր ենթակայության տակ գործող «ՀԱԲԼԾԿ» («Հանրապետականան անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն») լաբորատորիա։

Նշենք, որ ՍԱՏՄ տեսուչները գնեցին 6-ից 4 ապրանք, քանի որ այդ պահին ստուգումներ կարող էին իրականացնել կոնկրետ իրացման կետերից, որտեղ մյուս երկու ընկերության ապրանքները գնման պահին չկային։

Հավի միսը գնելու պահից մինչև լաբորատորիա տեղափոխելը եղել է սառնարանում։

Փորձաքննության ներկայացված հավերի պիտանելիության ժամկետը մինչև 5 օր է, հրապարակման պահին նշված հավերը ժամկետի մեջ չեն և չեն վաճառվում խանութներում։ 

Հավի մսի մակնշումը պետք է համապատասխանի Մաքսային միության «Պարենային ապրանքներ իրենց մակնշման մասով» ՄՄ ՏԿ 022/2011-ի, ինչպես նաև ՄՄ 051/2021 տեխնիկական կանոնակարգի 104-121-րդ կետերի պահանջներին։

Ինչպես նաև՝

  • մակնշումը պետք է պարունակի տեղեկատվություն թռչնի սպանդի և թռչնի մսամթերքի տարբերակիչ հատկանիշների մասին
  • մակնշումը պետք է ներառի տեղեկություններ թռչնի տեսակի և խմբի մասին (օրինակ՝ «հնդկահավ», «հավ» և այլն), սորտ և կատեգորիա, ինչպես նաև՝ ջերմային վիճակ («սառեցված», «պաղեցված»)
  • փաթեթավորումը պետք է դրոշմված լինի անասնաբուժական կնիքով, կամ դրա պատկերը պետք է լինի պիտակի վրա։

 

Նմուշ N 1

Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արաքս Թռչնաֆաբրիկա» ընկերության հավը։ Արտադրման ամսաթիվը՝ 15.05.2023։

Պիտանելիության ժամկետը 5 օր է։ Ապրանքն ունի EAC նշան (Եվրասիական համապատասխանություն, Eurasian Conformity), ինչը վկայում է, որ տվյալ ապրանքն անցել է անհրաժեշտ ստուգումները, hամապատասխանում է իր համար սահմանված տեխնիկական կանոնակարգերի պահանջներին ու կարող է հայտնվել շուկայում։

«Առողջ սնունդ, առողջ ապագա» մակնշված է ապրանքի վրա։ ՍԱՏՄ լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այս նմուշում կան ախտածին սալմոնելաներ։

«Ստանդարտ Դիալոգ»-ի փորձաքննությամբ՝ այս ապրանքում խախտումներ չեն հայտնաբերվել։

«Սալմոնելայի խմբի մանրէներ չեն առաջանում պահպանման սխալ պայմաններում և քիչ հավանական է, որ կլինեն վաճառասրահից վարակված։ Ավելի շատ դա արտադրության պրոցեսի ժամանակ առաջացած խախտում է»

«Ստանդարտ դիալոգ» փորձարկման լաբորատորիայի ղեկավար Կարեն Դարբինյան



Նմուշ N 2


Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Շիրառ» ՍՊԸ ընկերության «Աշտարակ» պաղեցված բրոյլեր 1-ին կարգի հավը։ Արտադրման ամսաթիվը՝ 16.05.2023։

Պիտանելիության ժամկետը -2C-ից +2C-ում 5 օր է։

Ապրանքն ունի EAC նշան։

Երկու լաբորատոր փորձաքննության արդյունքում այս ապրանքում խախտումներ չեն հայտնաբերվել։

 

Նմուշ N 3

Երրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Ագրոթեքինվեստ» ընկերության «Լուսակերտ» պաղեցված բրոյլեր հավը։ Արտադրման ամսաթիվը՝ 14.05.2023։ Այս ապրանքի վրա իրացման կետը (գնվել է «ՍԱՍ» սուպերմարկետից) կրկնապիտակով այլ ժամկետը էր նշել՝ 15.05.2023։

Պիտանելիության ժամկետը -2C-ից +2C-ում 5 օր է։

Ապրանքն ունի EAC նշան, նաև՝ «Հալալ» սերտիֆիկացում (կամավոր է, ինչը հավաստում է, որ արտադրանքը կարող է օրինականորեն սպառվել մահմեդականների կողմից

«Ստանդարտ Դիալոգ»-ի փորձաքննության արդյունքում նմուշում խախտումներ չեն հայտնաբերվել։ ՍԱՏՄ-ն այս ապրանքը չի փորձաքննել։

 

Նմուշ N 4

Չորրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերության «Էրեբունի» պաղեցված հավը։ Արտադրման ամսաթիվը՝ 15.05.2023։ Պիտանելիության ժամկետը՝ 5 օր։

Այն փաթեթավորված չէր, բայց ուներ անասնաբուժական 5-րդ ձևի փաստաթուղթը, ինչը վկայում է, որ այն սպանդանոցային ծագման միս է։ 5-րդ ձևն ունի պիտակ, որը մատակարարը լրացնում և տալիս է իրացնողին։ Ձև 5 վկայականի վաճառքն առաջացնում է քրեական պատասխանատվություն:

ՍԱՏՄ իրականացրած լաբորատոր փորձաքննության արդյունքում նմուշում հայտնաբերվել է ՄԱՖԱՄ, որի քանակը 110 անգամ գերազանցել է թույլատրելի նորման։

«Ստանդարտ Դիալոգ»-ի փորձաքննությամբ՝ այս ապրանքում խախտումներ չեն հայտնաբերվել։

ՄԱՖԱՄ-(մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) բնութագրում է ապրանքի որակը, թարմությունն ու անվտանգությունը։

Դրա քանակի գերազանցումը վկայում է արտադրության ժամանակ սանիտարական պայմանների կամ պատրաստման տեխնոլոգիայի չպահպանման, ինչպես նաև՝ վաճառքի կետերում ապրանքի պահպանման և իրացման պայմանների խախտման մասին։

Մանրէները կարող են լինել ախտածին և տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։

 

Նմուշ N 5

Հինգերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ընկերության պաղեցված 1-ին կարգի բրոյլեր հավը։ Արտադրման ամսաթիվը՝ 16.05.2023։ Պիտանելիության ժամկետը՝ 5 օր։ Ապրանքն ունի EAC նշան։

«Ստանդարտ Դիալոգ»-ի փորձաննությամբ՝ այս ապրանքում խախտումներ չեն հայտնաբերվել։ ՍԱՏՄ-ն այս ապրանքը չի փորձաքննել։

Նմուշ N 6

Լաբորատոր փորձաքննության արդյունքում ՍԱՏՄ-ն այս ապրանքում հայտնաբերել է ախտածին սալմոնելաներ։

«Ստանդարտ Դիալոգ»-ի փորձաննությամբ՝ այս ապրանքում խախտումներ չեն հայտնաբերվել։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

  • Կիսվել: