կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սահմանամերձ գյուղերում բնակարաների կառուցման համար պետության կողմից տրամադրվող վարկային ծրագրերի մասին

Սահմանամերձ գյուղերում բնակարաների կառուցման համար պետության կողմից տրամադրվող վարկային ծրագրերի մասին

Այս համատեքստում՝ կառավարության ղեկավարը գոհունակությամբ արձանագրել է, որ սահմանամերձ գյուղերում բնակարաների կառուցման համար պետության կողմից տրամադրվող վարկային ծրագրերն սկսել են աշխատել: Վարչապետը հետաքրքրվել է ծրագրի ընթացքով, ինչի կապակցությամբ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ներկայացրել է. «Մոտ 100 քաղաքացի մարզպետարանի և բանկերի մասնաճյուղերի միջոցով ծանոթացել է վարկավորման պայմաններին։ Ունենք տրամադրված առաջին տրանշը՝ երեք վարկ Ոսկեպար, Բերքաբեր և Արծվաբերդ գյուղերում։ Երեք վարկ ունենք հաստատված` երկուսը Բերքաբերում, մեկը Կիրանց գյուղում։ Շատ կարևոր եմ համարում նաև վարկերի տեղաբաշխվածությունը, քանի որ Ոսկեպարը Նոյեմբերյանի խոշորացված համայնքն է, Բերքաբերը՝ Իջևանի, իսկ Արծվաբերդը՝ Բերդի տարածաշրջանի խոշորացված համայնքն է։ Մոտ 15 քաղաքացու փաստաթղթաշրջանառությունն ընթացքի մեջ է: Պահանջարկը մեծ է, բայց անկախ բնակչության իրազեկվածությունից, կարևոր եմ համարում, որ մարդիկ տեսնում են, որ համագյուղացիներն օգտվում են այդ ծրագրից, և դա վարակիչ է»։

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք շինարարությունն արդեն ընթանում է, ինչին ի պատասխան Տավուշի մարզպետը հավաստիացրել է, որ այդ երեք գյուղերում շինաշխատանքները մեկնարկել են:

Վարչապետը հիշեցրել է ծրագրի մանրամասները՝ հավելելով, որ բնակարանի կառուցման համար կառավարության ծրագրով բանկը քաղաքացուն տրամադրում է մինչև 16 մլն դրամ. «Ծրագրի շրջանակներում, քաղաքացին նախապես իր միջոցներով պետք է նախագիծ ունենա: Իհարկե, այստեղ էլ մենք պետք է տիպային նախագծերով քաղաքացուն աջակցենք: Երկրորդը՝ այդ նախագիծը պետք է հաստատվի բանկի կողմից, շինարարությունը պետք է իրականացվի լիցենզավորված կազմակերպության կողմից։ Բանկը կառավարության երաշխիքով 16 մլն դրամ է հատկացնում քաղաքացուն տունը կառուցելու համար»։

Թեմայի առնչությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին ևս կարևորել է ծրագիրը և նշել, որ այստեղ նկատելի է մասնագիտական կրթության ոլորտում սիներգական մոտեցման հնարավորություն: Նախարարն ընդգծել է՝ Իջևանում կա ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական նոր քոլեջ, որտեղ սովորեցնում են ներդրված նոր մասնագիտություններից մեկը՝ ֆերմերային տնտեսության կազմակերպումը, և արդեն կան ուսանողներ: Նա հավելել է, որ այստեղ ընդգրկված շահառուների հետ կարելի է մասնագիտական դասընթացներ կազմակերպել, որպեսզի հետագայում կարողանան էլ ավելի արդյունավետ իրականացնել այգիների պահպանման, զարգացման աշխատանքները, հատկապես, որ այդ ուղղությամբ հենց այս պահին աշխատանքներ են տարվում:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի այն դիտարկմանը, որ Ճամբարակ համայնքը՝ որպես քաղաքային համայնք, չի կարողանում օգտվել այս ծրագրից՝ վարչապետը նշել է, որ պետք չէ ծրագիրը դեռ չավարտած շրջանակներն անընդհատ ընդլայնել՝ սահմանային գյուղերի հարցը լուծելուց հետո, անդրադարձ կլինի նաև այդ բնակավայրերին:

Վայոց Ձորի մարզպետն իր հերթին կարծիք է հայտնել, որ ծրագիրն ավելի կակտիվանա, եթե լինի պետություն-մասնավոր հատված-շահառու եռակողմ համաձայնություն: Գնել Սանոսյանի պարզաբանմամբ, այս առումով կան նաև այլ առաջարկներ, որոնք կքննարկվեն առաջիկայում: Արձագանքելով՝ վարչապետը նշել է, որ ցանկացած ծրագրի լավարկելը միշտ էլ պետք է քննարկվի. «Դա մեր պայմանավորվածությունների շրջանակում է, որ պետք է ծրագիրն ընդունենք, հետո մոնիտորինգ անենք, թե ինչպես է այն ընթանում: Բայց եկեք չմոռանանք նպատակից շեղվելու ռիսկը: Սահմանամերձ և սահմանապահ գյուղերի և կոնկրետ շահառուների մասին է խոսքը: Այն, ինչ այս նպատակի շրջանակներում է, այո՛, լավարկենք և հնարավորինս մատչելի դարձնենք, բայց էլի եմ ասում՝ ծրագրի էությունը, բովանդակությունը դեֆորմացնելու ուղղությամբ խնդրում եմ շատ ուշադիր լինել»:

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը թեմայի առնչությամբ կարևորել է բանկերի ակտիվությունը, քանի որ որոշ բանկեր, որոնք մասնակցելու պատրաստակամություն են հայտնել, որոշակի տեխնիկական խնդիրներ ունեն: Նրա դիտարկմամբ, բանկերի ակտիվությունը նույնպես կխթանի, որպեսզի ծրագիրը աշխատի: Վարչապետն արձագանքելով, նշել է. «Ես կարծում եմ, ընդհանուր առմամբ, կառավարության կողմից իրականացվող ծրագրերին մեր բանկերի և ֆինանսական կազմակերպությունների մասնակցության խնդիր ունենք, որովհետև մենք տեսնում ենք, որ միշտ չի, որ բանկերը մասնակցում են անհրաժեշտ ոգևորվածությամբ և ծավալով: Ես կարծում եմ, որ սա սոցիալական պատասխանատվության շատ կարևոր բաղադրիչ է և կարծում եմ նաև, որ այստեղ պետք է մեր բանկերը, ֆինանսական կազմակերպությունները կողմնորոշվեն»: Վարչապետը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին այս թեմայով խորհրդակցություն անել բոլոր բանկերի և ֆինանսական կազմակերպությունների հետ, հրավիրել նրանց ղեկավարներին, քննարկել և քաջալերել նրանց, որովհետև շատ ծրագրեր մինչև կես տարի բանկերի կողմից արձագանքի չեն արժանանում:

«Ես ուզում եմ նախ կրկին շնորհակալություն հայտնել այն բոլոր բանկերին և ֆինանսական կազմակերպություններին, ովքեր արձագանքում են կառավարության սոցիալական բնույթի ծրագրերին: Խոսքը վերաբերում է նաև կենսաթոշակների անկանխիկ ծախսման դեպքում հետվճարի համակարգին, բայց եթե սա չմասնակցող բանկերի կողմից դառնում է վերաբերմունք և քաղաքականություն, այդտեղ մենք էլ պետք է մեր վերաբերմունքն ու քաղաքականությունները ճշգրտենք, որովհետև դա չեմ կարծում, թե ընդունելի մոտեցում է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին մեկամսյա ժամկետում ասել, թե ինչ է տեղի ունենում, և եթե կարիք կա, ապա օրենսդրական որոշակի նախաձեռնություններ ունենալ, այդ թվում՝ ֆիսկալ տարածքում, որպեսզի հարցը վերջնականապես լուծվի:

  • Կիսվել: