հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուսաստանը կորցրեց իր մեծ հայրենասերին. Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց հավաքված մարդիկ զգում են Նավալնիի մահը (տեսանյութ)

Ռուսաստանը կորցրեց իր մեծ հայրենասերին. Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց հավաքված մարդիկ զգում են Նավալնիի մահը (տեսանյութ)

Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց հավաքվել են մեծաթիվ մարդիկ, ռուսաստանցիներ, որոնք ցնցված են ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան լուրից:

Նրանք հավաքվել են՝ արտահայտելու իրենց հարգանքն ու ցավը նրա հանդեպ:

Հավաքվածների ձեռքերին պաստառներ կան՝ «Ներիր մեզ, Լյոշա», «Ռուսաստանը կլինի ազատ» և նմանատիպ այլ գրառումներով, նաև ուղիղ մեղադրանքներով Ռուսաստանի իշխանություններին Նավալնիի, իրենց բնորոշմամբ, «սպանության» համար։

Ներկաներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մարդիկ համաձայն չեն, որ այսօր երկրում պատերազմ է ընթանում, իսկ ընդդիմության ամենագլխավոր ղեկավարին այսօր, կարելի է ասել, բերդում սպանում են։ Այս մարդիկ, որ այսօր հավաքվել են այստեղ, պատասխանատվությունը Վլադիմիր Պուտինի վրա են դնում»:

«Ցնցված եմ, շոկի մեջ, մենք ցավ ենք զգում, մենք՝ բոլորս սգում ենք, Ռուսաստանը կորցրեց իր մեծ հայրենասերին»,-նշեց մեկ այլ ցուցարար:

Նշենք, որ անմիջապես Ռուսաստանի դեսպանատանը մոտանալ ցուցարարներին չհաջողվեց, նրանք շենքի դիմացի մայթում են։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի քրեակատարողական ծառայությունն այսօր հայտնեց ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին:

Հավելենք, որ Արևմուտքն ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նրան համարում են քաղբանտարկյալ։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: