ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Ռենեսանս» ռեստորանի հարևանությամբ բախվել են Mercedes-ն ու Iveco-ն. կա 1 զոհ, 2 վիրավոր

«Ռենեսանս» ռեստորանի հարևանությամբ բախվել են Mercedes-ն ու Iveco-ն. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Mercedes և Iveco մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Iveco-ն կողաշրջվել է, իսկ Mercedes-ում հրդեհ է բռնկվել։  Ավտովթար-հրդեհի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և մոտեցվել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներին։ 

Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և մարել Mercedes-ում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի և ջարդոնի։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել նաև ՀՀ ոստիկանության զորքերի 1033 զորամասի 1-ին գումարտակի ոստիկանները։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Չարբախի բաժանմունքի հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Արման Կիրակոսյանի գլխավորությամբ։  Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Մանվել Մուրադյանի և Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ:

Տեղում Ս. Սամվելյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, խմբի ղեկավար է նշանակվել Հ. Մարգարյանը, ում կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր,օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։  

  • Կիսվել: