հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
ՌԴ-ում հայ աշխատանքային միգրանտների մուտքի արգելքի դեպքերն ավելացել են

ՌԴ-ում հայ աշխատանքային միգրանտների մուտքի արգելքի դեպքերն ավելացել են

2022 թվականին Ռուսաստանի Դաշնություն մեկնած աշխատանքային միգրանտների թիվը 8,5-ից 10 տոկոսով նվազել է, և սա պայմանավորված է Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունում 2021-ի տարեվերջին տեղի ունեցած փոփոխություններով և դրանց մասին հայ միգրանտների անիրազեկվածությամբ։

 SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին այսօր Գյումրիի Երկխոսությունների մեդիա կենտրում խոսել են «Հայկական Կարիտաս»-ի փորձագետը և Թոնգ Ջահոնի միջազգային հասարակական կազմակերպության նախագահը։ Ռուսասատանում գործում են միգրացիոն օրենսդրության փոփոխությունները, համաձայն որոնց, աշխատանքային միգրանտների համար սահմանվում են պարտադիր կանոններ, որոնք խախտելու դեպքում նրանց նկատմամբ կարող է մուտքի արգելք կիրառվել։

«ՌԴ աշխատանքի նպատակով մեկնող մեր երկրի քաղաքացիները պարտավոր են 30 օրյա ժամկետում միգրացիոն հաշվառում անցնել, այնուհետև անցնել բուժզննում և հանձնել մատնահետք։ Միայն դրանից հետո նրանք կարող են օրինական գտնվել ՌԴ-ում։ Եթե 30 օրվա ընթացքում չեն հանձնում մատնահետք և չեն անցնում բուժզննություն, ապա նրանց միգրացիոն հաշվառումը չեղարկվում է, և որքան երկար է մարդն առանց միգրացիոն հաշվառման գտնվում ՌԴ-ում, այնքան երկար է տևելու նրա մուտքի արգելքի ժամկետը՝ 3-10 տարի ժամկետով»,- նշել է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։

Ի՞նչ պետք է իմանան Ռուսաստան մեկնող աշխատանքային միգրանտները կամ ավելի պարզ ասած՝ խոպանչիները։ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունում փոփոխություններ են կատարվել, համաձայն որոնց սահմանված է, թե ի՞նչ ժամկետներում պետք է աշխատանքային միգրանտները հաշվառում անցնեն և թե ի՞նչ պարտադիր գործընթացներ են հաջորդելու հաշվառմանը։

Ռուսաստան աշխատելու մեկնող հայ միգրանտների մեծ մասն այս փոփոխությանն անտեղյակ է։ Միգրացիոն հաշվառումն անցնում են, իսկ հետո սահմանված ժամկետում  պարտադիր բուժզննություն չեն անցնում ու մատնահետք չեն թողնում, ինչը համարվում է խախտում, որի հետևանքը միգրացիոն հաշվառման կասեցումն է ու մուտքի արգելքը։

  • Կիսվել: