ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռազմագերիների վերադարձը կախված է նրանից, թե մեր քաղաքական բանակցությունների օրակարգում ինչ տեղաշարժեր կլինեն․ Սահակյան

Ռազմագերիների վերադարձը կախված է նրանից, թե մեր քաղաքական բանակցությունների օրակարգում ինչ տեղաշարժեր կլինեն․ Սահակյան

Ադրբեջանում պահվող գերիների թիվն այս պահին Ադրբեջանի կողմից հաստատված տվյալներով` 39-ն է: Իսկ գերիների թիվը, որն Ադրբեջանը մինչ օրս չի հաստատում պաշտոնապես՝ 80-ն է: Ընդհանուր առմամբ Ադրբեջանում պահվում է մոտ 120 գերի։ Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Պաշտոնական թվերի մասին տվյալները՝ Սահակյանի խոսքով, գրեթե անփոփոխ են ՝ 38 գերի, նաև նախորդ ամսվա ընթացքում   սահմանային դեպք տեղի ունեցավ, և ևս մեկ զինծառայող հայտնվեց ադրբեջանական կողմում ՝ Էդուարդ Մարտիրոսովը, որի Ադրբեջանում գտնվելը ևս պաշտոնականացված է:

«Կարմիր խաչը տեղեկացված է, այցելում է, ուստի այս պահին 39-ը հայեր պաշտոնապես պահվում են Ադրբեջանում և պետք է հայրենադարձվեն Հայաստան: Ոչ պաշտոնական թվերի մասով առաջընթաց չկա՝ Ադրբեջանը շարունակաբար հերքում է 80 գերիների փաստը, որոնց թվում կա 2 կին: Ավելին, միջազգային իրավական գործընթացներում սկսել է ներկայացնել կեղծված փաստաթղթեր, ցուցմունքներ, բժշկական փորձաքննությունների եզրակացություններ և այլն, որից մենք եզրահանգում ենք, որ բարի նպատակներ չունի և առաջիկայում էլ չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել այս 80 անձանց ճակատագրերի համար, փոխարենը կեղծարարությամբ մոլորեցնում է միջազգային հանրությանը՝ իրական թվերի մասով»,-ասաց իրավապաշտպանը:  

Անհայտ կորածների ճակատագրի մասին էլ նա ասաց, որ փոփոխություն չկա.

«Նույնն է: Քանի որ մենք 80-ին տալիս ենք ենթադրյալ գերիների կագավիճակ, որովհետև ունենք ապացույցներ գերեվարման մասին, մենք խոսում ենք շուրջ 200 անհետ կորածի մասին: 80-ը մեզ համար ոչ թե անհետ կորածներ են, այլ գերիներ են, որոնց մասին Ադրբեջանը չի հայտնում»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է իրավական գործընթացներին, Սահակյանը վստահեցնում է, որ դրանք իրենց բնականոն հունով իրականացվում են.

«Մենք իհարկե, լրացուցիչ գործունեություն ենք ծավալում Ադրբեջանական կեղծարարությունը բացահայտելու և միջազգային հանրությանը ներկայացնելու նպատակով և, իհարկե, աշխատում ենք մարդու իրավունքների կառույցների, տարբեր պետությունների մարդու իրավունքների հարցերով պատասխանատուների հետ, որպեսզի նաև ճնշում գործադրեն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ և ստիպեն մարդասիրական խնդիրներին լուծում տալ»,- ընդգծեց Սահակյանն ու հավելեց, որ նաև հետևում են քաղաքական գործընթացներին, «որովհետև, ինչպես վարչապետը խոստովանեց, այս հարցը քաղաքականացված է, իսկ մենք դրա մասին բարձրաձայնում էինք արդեն 1,5 տարի: Արդեն իսկ, եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ակնհայտ էր, որ ռազմագերիների հարցը ոչ թե ընդամենը մարդասիրական խնդիր է, այլ դարձել է քաղաքական առևտրի առարկա և այն այժմ փոխկապվածության մեջ է դրված այլ գլոբալ զարգացումներից՝ ինչպիսին է օրինակ խաղաղության պայմանագրի ստորագրումը, Հայաստանին պատկանող որոշակի տարածքների զիջումն Ադրբեջանին: Այս հարցի քաղաքականացումը բարդացնում է նաև մարդասիրական խնդիրը»:

Հարցին, թե առաջիկայում գերիների վերադարձի մասին կարող ենք ակնկալել, Սահակյանն ասաց, որ այդ ամենը կախված է բանակցությունների ընթացքից, և այդ բանակցությունները միայն Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ չեն: 

«Չեմ կարող բացառել, ըստ գործընթացի կարող ենք ակնկալել, որ կլինի նաև հայրենադարձում, բայց դա կախվածության մեջ է դրված բանակցային գործընթացից, որն անկանխատեսելի գործընթաց է»,- ընդգծեց իրավապաշտպանը:

  • Կիսվել: