Ռ․ Խաչատրյանի ներկայացուցչի հայտնած տեղեկությունները ճիշտ չեն, որդիս փաստացի բնակվել է ինձ հետ. DJ Vakcina
«DJ Վակցինա» կեղծանվամբ հայտնի Արուսյակ Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ իր նախկին ամուսին Ռուբեն Խաչատրյանը, ով նախկինում զբաղեցնում էր Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնը, փաստացի առևանգել է իր երեխային և թույլ չի տալիս շփվել նրա հատ։
Այնուհետև իր նախկին ամուսինը հակադարձել էր նրա գրառմանը։ Այսօր Մկրտչյանը նոր գրառում է կատարել, որում ասված է․
«Իրականում Ռ. Խաչատրյանի ներկայացուցչի հայտնած տեղեկությունները ճիշտ չեն և միտված են բացառապես արդարացնելու իր վստահորդի անօրինական գործողությունները, որոնք միանշանակ չեն բխում նաև փոքրահասակ երեխայի լավագույն շահերից, այդ թվում՝ ծնողի՝ երեխայի առողջ ֆիզիկական և հոգևոր զարգացումն ապահովելու պարտականությունից:
Անհերքելի փաստ է այն, որ մինչ Ռ.Խաչատրյանի կողմից երեխային վերցնելը և ապօրինի իր մոտ պահելը՝ որդիս փաստացի բնակվել է ինձ հետ և գտնվել է իմ անմիջական խնամքին:
Ներկայացուցչի հիշատակած հաշտության համաձայնությունը վերաբերել է իմ և Ռ.Խաչատրյանի միջև ծագած վեճի դատական լուծման ենթակա հարցերին: Մասնավորապես, տվյալ հաշտության համաձայնությամբ Ռ.Խաչատրյանը արձանագրում էր, որ որդիս պետք է շարունակի բնակվել ինձ հետ, իսկ ինքը հնարավորություն ունենա տեսակցելու նրան որոշակի ժամերով: Ընդ որում, թեև տվյալ համաձայնության տեքստը իմ կողմից սկզբնապես ստորագրվել էր, սակայն այն դատարանի կողմից չի հաստատվել և առկա չէ այդ մասով դատարանի վճիռը, քանի որ ես հրաժարվել եմ Ռ.Խաչատրյանի հետ հաշտություն կնքելուց: Հետևապես, տվյալ փաստաթուղթը որևէ իրավական ուժ չունի:
Հավելեմ նաև, որ Ռ.Խաչատրյանի հետ հաշտություն չկնքելու հիմնական դրդապատճառս եղել է վերջինիս ոչ հավասարակշիռ և անկանխատեսելի վարքագիծը, որի պայմաններում որպես ծնող խիստ վտանգավոր եմ գնահատում նրա և որդուս միջև տևական ժամանակով տեսակցության և շփման կարգի սահմանումը:



