հինգշաբթի, սեպտեմբեր 10
10 / 9 / 2026
Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին 2977 դրոնների լուսային շոուով վերարտադրվել են երկվորյակ աշտարակները

Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին 2977 դրոնների լուսային շոուով վերարտադրվել են երկվորյակ աշտարակները

Նյու Յորքում հարգանքի տուրք են մատուցել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին՝ քաղաքի նավահանգստի վերևում երկնքում 2977 լուսարձակող դրոնների օգնությամբ վերարտադրելով Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակների ուրվագծերը, տեղեկացնում է The Telegraph-ը՝ հավելելով, որ շոուն անցկացվել է չորեքշաբթի երեկոյան՝ ահաբեկչությունների 25-րդ տարելիցի նախօրեին:

Նշվում է, որ յուրաքանչյուր դրոն խորհրդանշել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումների հետևանքով զոհված 2 977 մարդկանցից մեկին։ Անօդաչու սարքերը նախ Հադսոն գետի վերևում երկնքում կազմել են շարժվող լուսային կոմպոզիցիա, ապա շարվել են երկվորյակ աշտարակների ուրվագծերով։

Հուշ-ակցիան ստացել է 2977 Lights Over New York Harbor անվանումը։ Դրա կազմակերպիչները շոուն պատրաստել են ահաբեկչություններից փրկվածների, զոհվածների հարազատների և փրկարարական աշխատանքներին մասնակցած արտակարգ ծառայությունների աշխատակիցների հետ համատեղ։

Հիշեցնենք, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ-Քաիդայի» 19 ահաբեկիչներ առևանգել էին չորս ուղևորատար ինքնաթիռ։ Դրանցից երկուսը նրանք ուղղել էին Նյու Յորքում գտնվող Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակների վրա, երրորդը՝ Պենտագոնի շենքի վրա։ Չորրորդ ինքնաթիռը կործանվել էր Փենսիլվանիայում այն բանից հետո, երբ ուղևորները փորձել էին ստանձնել կառավարումը։

 

  • Կիսվել: