հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՔՊ-ն չի մասնակցի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Նարինե Ավետիսյանի ընտրության քվեարկությանը

ՔՊ-ն չի մասնակցի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Նարինե Ավետիսյանի ընտրության քվեարկությանը

Հայաստանի ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության քվեարկությանը, թեկնածուն հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ փակ գաղտնի քվեարկությունը կանցկացվի ժամը 17։00-17։30-ը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ ՔՊ խմբակցությունը չի մասնակցի այդ քվեարկությանը:

« Ուզում եմ արձանագրել, որ թեկնածուն հանդես չեկավ և հրաժարվեց եզրափակիչ ելույթ ունենալուց։ Ես չեմ հիշում, համենայն դեպս, նման դրվագ։ Եզրափակիչ ելույթը կարևոր էր, որպեսզի նաև պատգամավորներն իրենց վերջնական եզրակացությանը գան։ Սրանից ելնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցի այս քվեարկությանը»,- ասաց Կոնջորյանը։

Նարինե Ավետիսյանի թեկնածությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է մրցութային խորհրդի որոշմամբ: Ավետիսյանը 2021-ի հունիսից աշխատում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում:

  • Կիսվել: