երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Քովիդ-19»-ի դեմ պայքարի մասին փորձի փոխանակում՝ հայ և վրացի գործընկերների միջև

«Քովիդ-19»-ի դեմ պայքարի մասին փորձի փոխանակում՝ հայ և վրացի գործընկերների միջև

COVID-19-ի համավարակի, կանխարգելիչ միջոցառումների և դրանց արդյունավետության մասին փորձի փոխանակման և ոլորտում առկա հրատապ խնդիրները քննարկելու նպատակով առցանց հանդիպում են ունեցել Հայաստանի և Վրաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների, ինչպես նաև COVID-19 վերապրոֆիլավորված հիվանդանոցներում պացիենտների բուժումն իրականացնող բժիշկ-մասնագետները:

Քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և վերջինիս գործընկերը` Վրաստանի օկուպացված տարածքների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Թամար Գաբունիան:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին` Լենա Նանուշյանն ընդգծել է համավարակի դեմ պայքարում հարևան երկրների միջև տեղեկատվության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Թամար Գաբունիան, իր հերթին, կարևորել է քննարկվող հարցերի լայն շրջանակը, ինտենսիվ և թերապևտիկ բաժանմունքներում COVID-19 պացիենտների, այդ թվում` հղիների բուժման կազմակերպման հարցում փորձի փոխանակումը:

Հայ և վրացի գործընկերներն անդրադարձել են երկու երկրներում կորոնավիրուսի բուժման մոտեցումներին, պատվաստումային գործընթացին և մայրական մահացության դեպքերի կանխմանը: Հաշվի առնելով նոյեմբերի վերջին հայտնաբերված COVID-19-ի նոր` «Օմիկրոն» շտամի բարձր տարածելիությունը` մասնագետները նշել են, որ անհրաժեշտ է խթանել պատվաստումային գործընթացը և պատրաստ լինել համավարակի նոր ալիքներին դիմակայելուն:

  • Կիսվել: