չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՔՈԱՖ-ն ու STARMUS-ը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին գիտության ու արվեստի միջազգային փառատոնը Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն բերելու համար

ՔՈԱՖ-ն ու STARMUS-ը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին գիտության ու արվեստի միջազգային փառատոնը Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն բերելու համար

Հուլիսի 11-ին ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանն ու STARMUS-ի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրաելյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որի հիմնական նպատակն է սեպտեմբերի 10-ին Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում STARMUS օր անցկացնել՝ այդ կերպ STARMUS գիտության ու արվեստի 6-րդ միջազգային փառատոնը հասանելի դարձնելով նաեւ Երեւանից դուրս՝ Լոռու մարզում։ STARMUS միջազգային փառատոնը հիմնադրվել է 2011 թվականին աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի ու լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից։

Տարիներ շարունակ փառատոնը հանդիսացել է աշխարհահռչակ գիտնականներին ու արվեստի գործիչներին միավորող հարթակ՝ նպատակ ունենալով ներշնչել երիտասարդներին՝ բացահայտելու գիտության աշխարհը։ «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով 6-րդ ամենամյա փառատոնն անց է կացվելու Հայաստանում սեպտեմբերի 5-10-ը։ «STARMUS-ը Լոռու ՍՄԱՐԹ կենտրոն բերելով՝ մենք հաստատում ենք, որ այս փառատոնը միայն մեկ վայրում չէ. այն ամենուր է, ուստի եթե անգամ չնչին հնարավորություն կա փառատոնը հասցնելու նաեւ Հայաստանի գյուղեր, մենք, իհարկե, պետք է անենք։ Այս ամենի շուրջ էլ մենք միավորում ենք ջանքերը ՔՈԱՖ-ի հետ՝ STARMUS-ը հասցնելով Լոռիի»,- նշում է Գարիկ Իսրաելյանը։

Ստորագրված փոխըմբռնման հուշագիրը հավաստում է գյուղերի երեխաների շրջանում գիտության ու արվեստի շուրջ հետաքրքրության բարձրացմանը նպաստելու ՔՈԱՖ-ի ու STARMUS-ի մտադրությունը։ «STARMUS օր ՍՄԱՐԹ-ում» միջոցառմանը, որ հագեցած է լինելու երաժշտական կատարումներով, պանելային քննարկումներով, ներառելու է պլանետարիում, աստղադիտում, գյուղատնտեսական ապրանքների տոնավաճառ, հրավիրված են լինելու հյուրեր Հայաստանից ու արտերկրից։ Միջոցառման մասնակիցների շարքում են լինելու նաեւ արվեստի գործիչներ, գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ։ coaf.org [email protected] +374 10 502076 «STARMUS օր ՍՄԱՐԹ-ում» միջոցառումն անցկացվում է STARMUS-ի հետ միասին ՔՈԱՖ-ի ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) համատեղ «Լոռին՝ քո հաջորդ ուղղությունը» նախագծի շրջանակներում։

  • Կիսվել: