ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գորիսում և Կապանում ԵՄ աջակցությամբ կբացվեն «Քոաֆ» և «Թումո» կենտրոններ

Գորիսում և Կապանում ԵՄ աջակցությամբ կբացվեն «Քոաֆ» և «Թումո» կենտրոններ

Եվրոպական միության աջակցությամբ Գորիսում կբացվի «Քոաֆ» սմարթ երկու կենտրոն, Կապանում՝ «Թումո» կենտրոն։ Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Գորիսի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

«Մենք մարզպետի հետ քննարկել ենք, թե ինչպես զինենք երիտասարդներին, որ այցելել այլ երկրներ, կրթվեն, բայց եւ վերադառնան իրենց երկիր։ Ինձ համար կրթությունը խիստ կարեւոր է։ Շատ կարեւոր է ուշադրություն դարձնելը ֆորմալ կրթությանը ռազմավարության մշակման միջոցով, որը մենք իրականացնում ենք Կառավարության հետ, եւ դա համատեղել ոչ ֆորմալ կրթության հետ։ Երբ գաղափար հղացավ ինձ մոտ, որ «Քոաֆի» եւ «Թումոյի» ոչ ֆորմալ կրթությունը կարելի է կապել ֆորմալ կրթական ձեւաչափի հետ, շատերը զարմացան։ Ասում էին՝ դա դպրոց չէ, պետական ուսումնական պրոցես չէ։ Ես, իհարկե, հակադարձեցի, որովհետեւ երկու բաղադրիչն էլ խիստ անհրաժեշտ են ձեզ»,- ասաց դեսպանը։

Անդրեա Վիկտորինն ընդգծեց նմանատիպ հանդիպումների կարեւորությունը՝ նշելով, որ պետք է տեղում հասկանալ, թե ինչ խնդիրներ եւ կարիքներ ունեն երիտասարդները։

ԵՄ եւ մի շարք այլ դեսպաններ այսօր Գորիսում հանդիպեցին նաեւ սոցիալական ոլորտի աշխատողների հետ: Քննարկում ծավալվեց փախստականների հետ աշխատանքին առնչվող հարցերի շուրջ: 116 միլիոն բյուջե ունեցող աջակցության ծրագրի շրջանակում Եվրամիությունը Սյունիքի մարզում նաեւ այնպիսի ծրագրեր է նախատեսում, որոնք կբարելավեն համայնքային սոցիալական ծառայությունները:

«Բավական մեծ ծավալի աշխատանք է արվել, բայց կարիքը կա ավելին անելու: Մենք կփորձենք տեղերում տրամադրվող սոցիալական ծառայությունների բարելավումն ապահովել «Թիմ եվրոպա» նախաձեռնության միջոցով «Դիմակայուն Սյունիք» հովանու ներքո: Այս ոլորտում Շվեցարիան, Ավստրիան, Չեխիան, Ֆրանսիան և Գերմանիան են աշխատանք իրականացնելու»,- նշեց ՀՀ-ում ԵՄ դեսպանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 18-ին, Սյունիքի մարզում, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հայտարարեց, որ Եվրամիությունը կրկնապատկել է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում Սյունիքի մարզում իրականացվող ծրագրերի բյուջեն՝ այն 51 միլիոնից դարձնելով 116 միլիոն եվրո։

Նախաձեռնության հիմնական նպատակը Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացումն է՝ տեղական զարգացման առաջնահերթություններին համապատասխան: «Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը մեկնարկել է այս տարվա հունվարին։

  • Կիսվել: