հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քննիչ հանձնաժողովն իրավազոր է պատկան մարմիններից պահանջել ու ստանալ անհրաժեշտ տեղեկություններ. Հայտարարություն

Քննիչ հանձնաժողովն իրավազոր է պատկան մարմիններից պահանջել ու ստանալ անհրաժեշտ տեղեկություններ. Հայտարարություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը փոխանցված գումարների օգտագործման հարցով քննիչ հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանը, անդամներ Հայկ Մամիջանյանը, Էլինար Վարդանյանը և Թադևոս Ավետիսյանը հայտարարություն են տարածել հանձնաժողովի աշխատանքի մասին, որը ներկայացնում ենք ստորև.«Մեկ ամսից ավել է, ինչ պատգամավորների առնվազն 1/4-ի պահանջով՝ իրավունքի ուժով ստեղծվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը:

Թեև Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև քաղաքական մեծամասության մի շարք պատգամավորներ հայտարարում էին, որ իրենք թաքցնելու ոչինչ չունեն, սակայն  Ազգային ժողովի նախագահի կողմից քննիչ հանձնաժողովի կազմն առ այսօր հաստատված չէ:

Դատապարտելով օրվա քաղաքական իշխանության այս հանցավոր վարքագիծը,  առաջնորդվելով Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, նկատի ունենալով, որ քննիչ հանձնաժողովի նախագահը իրավունքի ուժով նշանակված է, ինչպես նաև հայտնի են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների 3 անդամների անունները՝ արձանագրում ենք, որ քննիչ հանձնաժողովն իրավազոր է պատկան մարմիններից և անձանցից պահանջել ու ստանալ իր իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ:

Հայտարարում ենք, որ այս փուլում պահաջել ենք կառավարությունից, ինչպես նաև դիմել ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար:

Դիմում ենք ԶԼՄ ներկայացուցիչներին և քաղաքացիներին՝ հայտնելով մեր պատրաստակամությունը ձեր կողմից բացահայտված, ինչպես նաև հիմնավոր կասկած պարունակող տեղեկությունները քննիչ հանձնաժողովում քննարկելու համար»: 

  • Կիսվել: